Ոգելից ու ծխախոտային ապրանքների անկանխիկ հաշվարկով առեւտրի մասին Ադրբեջանի օրենքը կարող է երկրի պատմության մեջ մտնել որպես ամենակարճատեւ օրենք:
Ինչպես գրում է haqqin.az–ը , ընդամենը 12 օրվա կյանք ունեցած օրենքը պետք է ավելացներ ոգելից խմիչքի ու ծխախոտի վաճառքի ոլորտի թափանցիկությունը, դրանով իսկ ապահովելով հարկերի մուտքը պետական գանձարան: Բայց իրականում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ու Քրեական օրենսգրքում առաջին հայացքից անմեղ թվացող ուղղումները վեր էին ածվել յուրատեսակ «չոր օրենքի»:
«Կանխիկով ոգելից խմիչք վաճառելու արգելքը վերացնելու մասին որոշումը ընդունվել է ձեռներեցների բազմաթիվ դիմումների արդյունքում: Դրա հետ մեկտեղ պլաստիկ քարտերով ոգելից խմիչք ձեռք բերելը նույնպես հնարավոր կլինի: Ադրբեջանում կան բավականաչափ POS -տերմինալներ ու ավելի քան վեց միլիոն պլաստիկ քարտեր: Առեւտրային կետերում ու հանրային սննդի հաստատություններում ավելի քան 86 հազար POS տերմինալ կա ու անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք լրացուցիչ տերմինալներ տեղադրել»,- ասել է հարկերի հարցերով փոխնախարար Սահիբ Ալեքպերովը՝ մեկնաբանելով տվյալ ուղղումների չեղարկման մասին որոշումը:
Չնայած վատատես փորձագետների կանխատեսումներին՝ տվյալ նորամուծության ձախողման պատճառը ամենեւին էլ այն չէր , որ բանկային քարտերը բնակչության շրջանում քիչ գործածական են: Պատճառը բոլորովին այլ էր՝ անսպասելի: Ոգելից խմիչքի առեւտրի նոր կանոնների ներդրումից անմիջապես հետո շատ դիլերներ խանութներից հետ կանչեցին իրենց ապրանքները: Ոգելից խմիչք վաճառելու համար խանութները պետք է ստուգեին դրանց ծագումը: Մի խոսքով՝ պետք է ամբողջ ոգելից ապրանքատեսակները հռչակագրեին օրինական ձեւով: Եվ այդ ժամանակ ստեղծվեց անհեթեթ պատկեր՝ մի կողմից կրպակների ու խանութների դատարկ վաճառասեղանները ու մյուս կողմից էլ լեփ լեցուն պահեստները , որտեղ պահվում էր այն խմիչքը , որը խանութում հայտնվելուց առաջ պետք է անհրաժեշտ թղթաբանություն անցնի:
Բայցեւայնպես այդ օրենքի գործածումը ընդամենը ժամանակավորապես է դադարեցվել, մինչեւ ոգելից խմիչքի ու ծխախոտային արտադրանքի մատակարարները կսովորեն աշխատել օրինական ձեւով:
Իրավիճակի անհեթեթությունը հասել է այն աստիճանի , որ Բաքվի դեղատները սկսել են կանոնակարգել բժշկական սպիրտի վաճառքը , որը սկսել էին մեծ քանակությամբ գնել տեղի հարբեցողները:



























