Թուրք լրագրողուհուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանի միջնորդությունը՝ կրկնակի փորձաննություն անցկացնելու վերաբերյալ, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Գրիգորյանը:
Արամ Գրիգորյանը փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ, նա պնդում է, որ սխալ փորձաքննություն է կատարվել ըստ որի՝ ինքը կարող էր 28 մետր հեռավորության վրա՝ մեքենայի հեռահար լույսերով տեսնել փողոցում ընկած աղջկան։ Արամ Գրիգորյանը, սակայն, դեպքի պահին մեքենայի մոտակա լույսերն է միացրած եղել, ինչով հնարավոր էր տեսնել միայն մոտակա 10 մետրը:
«Փորձաքննություն են կատարել այլ մեքենայի հեռահար լույսերը միացրած, որի արդյունքում պարզել են, որ կարող էի 28 մետրի վրա արգելակել, սակայն դա չեմ արել։ Փորձաքննություն կատարվել է նույն մակնիշի, սակայն այլ մեքենայով, քանի որ փորձաքննության ժամանակ մեքենայիս մոտակա լույսերը չեն աշխատել»,-ասաց ն:։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:




























