Սաուդյան Արաբիան պլանավորում է նոր ինքնիշխան ֆոնդ ստեղծել իր նավթային հարստությունների մի մասը կառավարելու եւ իր ներդրումները դիվերսիֆիկացնելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։

Հաղորդվում է, որ թագավորության իշխանությունները ներդրումային բանկերից եւ խորհրդատվական ընկերություններից առաջարկներ են սպասում։ 2015թ. վերջին Սուդյան Արաբիայի կառավարությունը նրանցից առաջարկներ էր խնդրել նոր ֆոնդի կառուցվածքի հնարավորությունների հարցով։

«Արտարժութային ներդրումները լավ մակարդակի վրա պահելն անհրաժեշտ է դիմացկուն ֆինանսական դիրքորոշման եւ ռիալի աջակցության համար»,- ասել է աղբյուրը, փոխանցում է Gazeta-ն։

Ենթադրվում է, որ նոր ֆոնդը կենտրոնանալու է վերամշակող եւ քիմիական արդյունաբերության, ծովային փոխադրամիջոցների եւ լոգիստիկայի ոլորտներում ներդրումների վրա։ Այդուհանդերձ գործակալությունը նշում է, որ որեւէ կոնկրետ որոշում այդ հարցով դեռ չի կայացվել։