Անցյալ տարին նշանավորվեց  ԱՊՀ մի շարք երկրներում դոլարի նկատմամբ ազգային արժույթների կտրուկ անկումով: Ռեկորդակիրը Ադրբեջանն ու Ղազախստանն են, որոնցում անդրծովյան արժույթը կրկնակի արժեվորվել է (տես ներքոբերյալ գրաֆիկը):

Նկատենք, որ առանձին երկրներում (օրինակ` Ռուսաստանում) դոլարի նկատմամբ ազգային արժույթի նկատելի արժեզրկումը սկսվել է տարիներ առաջ: Այսպես, երկու տարվա ընթացքում  (հունվարի 19-ի դրությամբ) ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ թուլացել էր գրեթե  2,4 անգամ: ԱՊՀ-ի այլ նավթարտադրող երկրներում` Ղազախստանում եւ Ադրբեջանում, ազգային արժույթի փլուզումը տեղի էր ունեցել անցյալ տարի: 

Հայաստանը առավել կայուն ազգային արժույթներ ունեցող երկրների վարկանիշում զբաղեցնում է պատվավոր երկրորդ տեղը: Ընդունված է համարել, որ ազգային արժույթի ցածր փոխարժեքը խթանում է արտահանումը, բարձրը` ներմուծումը: Սակայն տնտեսական հետեւանքներն ավելի լայն ընդգրկում ունեն: Ասենք` ազգային արժույթի չափազանց բարձր փոխարժեքը, ներմուծումը խրախուսելով, միաժամանակ խնդիրներ է ստեղծում արտաքին պարտքի վճարման համար: Այնպես որ կտրուկ տատանումներն անցանկալի են: 

Իսկ ԱՊՀ-ում ամենակայուն տարադրամը թուրքմենական մանաթն է: Մեկ տարվա ընթացքում նրա փոխարժեքը գրեթե չի փոխվել: Ինչպես հայտնի է, Թուրքմենստանի տնտեսության հիմքը բնական գազն է, որի արտահանումն ապահովում է երկրի պետական բյուջեի եկամուտների զգալի մասը: Բայց հարց է` կպահպանվի արդյոք այդ կայունությունը: Չէ որ նավթն էժանացել է, ինչը կարտացոլվի բնական գազի գնի վրա: Օրինակ` Եվրոպայի համար ռուսաստանյան   «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերի արժեքը կապված է նավթի գնի հետ:

Սմբատ Գրիգորյան