Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվել է դիմակայությունը: Միջազգային հանրությունը ակտիվորեն փորձում է այդ երկրների միջեւ հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել:
Նավթ արդյունահանող երկու խոշորագույն երկրների միջեւ դիմակայությունը չի կարող չանկայունացնել համաշխարհային տնտեսությունը եւ իրավիճակը տարածաշրջանում:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հունվարի 18-ին Էր-Ռիյադում բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հետ: Նա կողմերին կոչ է արել հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորել խաղաղ մեթոդներով:
Հունվարի 19-ին Պակիստանի ղեկավարն է ժամանել Իրան, որտեղ բանակցություններ է անցկացրել երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ենթադրվում է, որ նա նաեւ ջանքեր է գործադրել լարվածությունը վերացնելու ուղղությամբ:
Պակիստանին եւ Սաուդյան Արաբիային, որը եւս սուննի պետություն է, կապում են բազմակողմանի հարաբերությունները: Շատ պակիստանցիներ Սաուդյան Արաբիա են մեկնում արտագնա աշխատանքի: Սակայն էներգետիկայի ոլորտում Պակիստանը համագործակցում է նաեւ շիա Իրանի հետ: Պակիստանում շիա բնակչություն կա:
Ենթադրվում է, որ Պակիստանը ցանկանում է հակամարտությունը հարթել նաեւ նրա համար, որպեսզի իր տարածքում խուսափի միջկրոնական գժտությունից:
Ռուսաստանն ու Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ են, եւս մտադիր են Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հակամարտության կարգավորման միջնորդի դեր խաղալ, գրում է Inosmi-ն:
Հարեւան Թուրքիան եւս միջնորդի դերում հանդես գալու պատրաստակամություն է հայտնել: Սակայն, ինչպես Սաուդյան Արաբիան, նա Սիրիայում աջակցում է ընդդիմադիր ուժերին: Քանի որ Թուրքիան չի կարող չեզոք դիրքորոշում ունենալ, առայժմ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել:
Հունվարի 19-ին Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական այցելությունն է սկսել դեպի Մերձավոր Արեւելք: Սաուդյան Արաբիան, որտեղ նախ ուղեւորվել է Սին, Չինաստանի համար նավթի խոշորագույն մատակարար է:
Սին կայցելի նաեւ Իրան, որը վերջերս միջուկային համաձայնագրի շնորհիվ ազատվել է պատժամիջոցներից: Իրանը ծայրաստիճան կարեւոր դիրք է զբաղեցնում «մեկ գոտի, մեկ ուղի» գաղափարի իրականացման տեսանկյունից:
Չինաստանը հատուկ կարեւորություն է տալիս եւ Իրանի, եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին: Սին կջանա հաշտեցնել կողմերին, նրանց երկխոսության մղել եւ դրանով տարածաշրջանում կայունացման հասնել:
Մինչդեռ որոշ դիվանագիտական աղբյուրներ հետեւյալ կարծիքն են հայտնում. «Չինաստանը գործնականում չի ազդում Մերձավոր Արեւելքում իրավիճակի վրա: Դա ուղղակի շոու է, որի նպատակն է ի ցույց դնել գերտերության դիվանագիտական կարողությունը»:
Ենթադրվում է, որ Սին մերձավորարեւելյան երկրների ղեկավարների հետ նաեւ կարծիքներ կփոխանակի «Իսլամական պետւթյանը» դիմակայելու միջոցների վերաբերյալ: Հարցն այն է, որ Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում բնակչության մի զգալի մասը իսլամ է դավանում եւ Չինաստանը զգուշանում է ահաբեկչական գործողություններից:


























