Հայաստանում դեռ պայմաններ չկան հասարակությունում ցանկացած քաղաքացու լիարժեք ներառման համար: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց հաշմանդամություն ունեցաղ անձանց իրավունքները պաշտպանող «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«21-րդ դարում հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժումը հակված է խոսել ոչ թե հասարակություն ինտեգրվելու, այլ ներառվելու մասին: Երբ ասում են՝ հաշմանդամներին հասարակություն ինտեգրել, այնպիսի տպավորություն է, որ կա ինչ-որ խումբ, որը հասարակությունից դուրս է եւ մյուսները, բարի լինելով, առաջադեմ լինելով պետք է փորձենք նրան ինտեգրել մեր հասարակություն: Իրականում երկրի հասարակությունը պետք է լինի ներառական, պետք է ստեղծվեն պայմաններ ցանկացած տեսակի քաղաքացու լիարժեք ներառման համար, իսկ մեզ մոտ դեռ շատ հեռու ենք այդ նպատակի իրագործումից»,- նշեց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը:

Արմեն Ալավերդյանի խոսքով, սակայն, ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ որոշ քայլեր արվում են, թեեւ շատ հաճախ ոչ թե որպես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանք իրավունքների պաշտպանություն, այլ որպես բարի կամքի դրսեւորում, ինչից կատարած աշխատանքի որակն է տուժում:

«Չնայած որոշակի զարգացումներ կան դրական, կա որոշակի առաջընթաց, բայց դեռեւս մեր մտածելակերպը կարծրատիպային է: Շատ անգամ ականատես ենք լինում, որ որոշում կայացնողները դա անում են կարեկցանքից ելնելով, որպես բարի գործ, բայց երբ դա արվում է որպես բարի կամքի դրսեւորում, այլ ոչ թե իրավունքի պաշտպանություն, դրանից տուժում է որակը արված աշխատանքի եւ ներառական ծրագրի: Օրինակ, եթե բարի կամիքից ելնոլով թեքահարթակ է կառուցվում, ապա այդ թեքահարթակը կարող է լինել չափանիշներին ոչ համապատասխան, իսկ եթե մեզ համար դոգմատիկ լինի, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ներառվելու հասարակություն, գործն ավելի լավ կարվի»,- ասաց ՀԿ տնօրենը՝ հավելելով, որ ցանկացած շինություն պետք է ունիվերսալ դիզայն ունենա հանրամատչելի լինելու համար, ինչին Հայաստանում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում:

«Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցաղ անձանց հասարակություն լիարժեք ներառելու համար կարեւոր նախապայմանը զբաղվածությունն է: Չալիկյանի խոսքով՝ աշխատանքի որոնման իրենց բազայում գրանցված 700 հաշմանդամություն ունեցող մարդկանցից 200-ը աշխատանքով են ապահովվել հենց ներառական ոլորտում, ինչը, ըստ նրա, մեծ ձեռքբերում է: