Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Fruitfull 6 համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանում խաղողագործության խնդիրներին եւ այս ոլորտում պետության ռազմավարությանը։ Տ. Սարգսյանն ասաց, որ խաղողագործությունը միշտ էլ առանցքային դերակատում է ունեցել Հայաստանի գյուղատնտեսության մեջ, այս ճյուղը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ սոցիալական բովանդակություն ունի։ Եթե խաղողի մթերումները պատշաճ չկազմակերպվեն, ապա լուրջ սոցիալական խնդիրներ կառաջանան, քանի որ դա տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրն է։
Վերջին 2 տարիների ընթացքում խաղողագործությունում լուրջ մասնավոր ներդրումներ են կատարվել։ Դրա հետեւանքով տեղի է ունեցել գյուղացիական տնտեսությունների խոշորացում, մրցունակության աճ։ Սակայն փոքր տնտեսությունները, ըստ վարչապետի, խոշորներին սկսել են զիջել մրցունակության աստիճանով։ Ընդ որում՝ կառավարության աջակցությունը փոքր տնտեսություններին արդյունք չի տալիս, քանի որ ստեղծում է կախվածություն, գյուղացիները կորցնում են մոտիվացիան։ Որպես ելք՝ վարչապետն առաջարկում է ստեղծել կոոպերատիվներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն իրավաբանական անձինք։ Այդ դեպքում Տ. Սարգսյանը խոստացավ, որ նաեւ կառավարության աջակցություն կլինի։
Խաղողագործության զարգացման երաշխիքներից մեկը գինու արտադրությունն է։ Ըստ վարչապետի՝ հայ գինեգործները աշխարհին լուրջ եւ հեղինակավոր բրենդ չեն ներկայացնում, ինչի պատճառով միջազգային շուկայում մրցունակ չեն։ Իսկ միջազգային շուկայում բազմաթիվ ճանաչված բրենդներ կան, մրցակցությունը բարձր մակարդակի վրա է։ Այստեղ եւս ելքը վարչապետը տեսնում է ջանքերի միավորման մեջ, քանի որ բազմաթիվ գինեգործական գործարանները միայնակ խնդիրը լուծել չեն կարող։ Նա այս եւ որակյալ գինի արտադրելու պայմանով կառավարության անունից գինեգործներին խոստացավ աջակցություն:
Խաղողագործության զարգացման մյուս ուղղությունը վարչապետը նշեց սեղանի խաղողների արտադրությունը, որոնք կարելի է արտահանել։
Արտահանումը հեշտացնելու նպատակով օդանավակայանում սառնարանային տնտեսություն եւ ազատ տնտեսական գոտի կհիմնվի։




























