Հայաստանի համար Մխիթարյանը Մեսսին է: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին տված ծավալուն հարցազրույցում նշել է ՌԴ Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը՝ թիմի երեւանյան հավաքից հետո: Նա մասնավորապես անդրադարձել է այն հարցերին, թե ինչու Մխիթարյանի կարգի այլ ֆուտբոլիստներ չկան Հայաստանում, ինչպես նա կվարվեր Ռոնալդուի հետ, եթե լիներ Զիդանի փոխարեն եւ ինչու չի ցանկանում պատախսանել «Տորպեդոյի» նախկին տնօրեն Վալերի Հովհաննիսյանի մեղադրանքներին:

Պարոն Կարպին, ինչպե՞ս անցավ Արմավիրի «Տորպեդոյի» երեւանյան հավաքը:

Ամեն բան շատ լավ էր: Շնորհակալ ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հրավերի եւ պայմանների համար:

Մամուլի ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ Հայաստանի առաջնությունը մակարդակի առումով բավականին տարբերվում է Ռուսաստանի Առաջին լիգայից: Մի քանի օր առաջ դիտում էիք «Բանանցի» խաղը, մինչ  այդ գովել էիք «Ուլիսին»: Կարծում եք, որ հայկական թիմերը շա՞տ են զիջում Արմավիրի «Տորպեդոյի», որն այս պահին ընթանում է վերջին տեղում:

Տարբերություն իհարկե կա: «Ուլիսից» 9 ֆուտբոլիստ, որոնց թիմը Հայաստանում զբաղեցրեց երկրորդ տեղը, եկան մեզ մոտ խաղալու, եւ թիմը վերջին տեղում է: Ինչի՞ մասին է դա խոսում: Նրանց մեծ մասը արդեն լքել է թիմը:

Բայց նրանց Դուք էիք չէ՞ ընտրել:

Բա էլ որտեղի՞ց ընտրել, այլընտրանք չկար:

«Տորպեդոյի»,  առջեւ դրված առաջնային նպատակը Առաջին լիգայում մնալն է, իսկ ի՞նչ հեռահար նպատակներ ունեք Ձեր առջեւ դրված:

Ես թիմի հետ երեք տարվա պայմանագիր ունեմ: Բոլոր ծրագրերս կապված են այս թիմի հետ, իսկ դրա համար պետք է դուրս չմնալ առաջնությունից:

«Տորպեդոյում»  խաղում է նաեւ Արմեն Համբարձումյանը: Ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները:

Ինչպես եւ բոլորինը: Նա պայքարում է թիմում հիմնական տեղ զբաղեցնելու համար: Լավ կխաղա, դուրս կգա խաղադաշտ: Նրա հնարավորությունները գնահատում եմ 50/50:

«Ուլիսի» սեփականատեր, Արմավիրի «Տորպեդոյի», նախկին գլխավոր տնօրեն Վալերի Հովհաննիսյանն օրեր առաջ ծավալուն հարցազրույց էր տվել, որտեղ մի շարք մեղադրանքներ էր ուղղել Ձեզ: Չե՞ք ցանկանա մեկնաբանել նրա ասածները:

Ինչո՞ւ մեկնաբանեմ մի մարդու ասածները, որը մեղադրվում է պայմանավորված խաղեր ու խաղադրույքներ կազմակերպելու մեջ:

Այնտեղ ասվում էր, որ Դուք վիրավորում էիք ֆուտբոլիստներին, որ նրանք ֆուտբոլ խաղալ չգիտեն: Նշվել էր թիմի ավագ Միրոշնիչենկոյի անունը:

Ինչպե՞ս էի վիրավորում: Երբ ասում էի, որ պետք է ոչ թե կարճ, այլ երկար փոխանցումներո՞վ խաղալ: Կամ որ պետք է փոխե՞նք թիմի խաղաոճը: Հարցրեք Միրոշնիչենկոյին, կամ ցանկացած այլ ֆուտբոլիստի: Նրանք այստեղ են, ցանկացածին հարցրեք:

Իսկ ինչո՞ւ Հովհանիսյանը որոշեց խոսել հենց այս պահին:

Ես որտեղի՞ց իմանամ: Նրան հարցրեք:

Դուք ժամանակին մտերի՞մ էիք:

Մտերիմ չենք եղել, ծանոթներ էինք:

Երբ Դուք դեռ ֆուտբոլիստ էիք, այսպե՞ս էիք պատկերացնում Ձեր հետագա կարիերան:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ես 1,5 տարի հանգստանում էի: Այն ժամանակ բիզնես ունեի, հետո կանչեցին «Սպարտակ», բիզնեսը մի կողմ դրեցի ու զբաղվեցի մարզչական գործունեությամբ:

Շատ ֆուտբոլիստներ կարիերան ավարտելուց հետո հայտնվում են փակուղում, քչերին է հաջողվում է դառնալ մարզիչ: Եթե որդի ունենայիք, ու նա հիմա զբաղվեր ֆուտբոլով, ի՞նչ խորհուրդ կտայիք:

Ոչ մի խորհուրդ էլ չէի տա: Եթե ունենայի որդի, նա ինքը կորոշեր թե ինչ անել: Իսկ ցանկացած երեխայի, անկախ նրանից թե ինչով է զբաղվում, կրթություն ստանալ պետք է: Եթե կարողանա բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, ինչ-որ գումար հավաքած կունենա եւ կմտածի թե ինչով կարելի է զբաղվել:

Կարծում եք, ճիշտ ժամանակի՞ն եք ֆուտբոլ խաղացել, թե՞ կցանկանայիք ավելի շուտ սկսել կամ մինչեւ հիմա խաղալ:

Ամեն մեկն ապրում է իր կյանքը այն ժամանակ, երբ ծնվել է: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում եւ չէի փոխի: Եթե հիմա ծնվեի, գուցե եւ չխաղայի ֆուտբոլ:

Ինչո՞ւ:

Դե հնարավոր է ինձ 18 տարեկանում մեծ պայմանագիր առաջարկեին եւ ես ժամանակից շուտ կարիերաս ավարտեի, ինչպես հիմա շատերի հետ է լինում:

Դուք արդեն մեկ շաբաթ է Երեւանում եք, տեսնում եք թե ինչ լավ պայմաններ են ստեղծված երեխաների համար: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում ֆուտբոլը տարիներով չի զարգանում: Ես չեմ խոսում առանձին ֆուտբոլիստների մասին:

Այս ակադեմիաների պտուղը կերեւա մի տասը տարուց: Չէ որ նրանք վերջերս են կառուցվել: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ դադար եղավ, 90-ականները դուրս մնացին ֆուտբոլային կրթությունից:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ֆուտբոլիստների լավագույն սերունդը հենց 90-ականներին ծնվածներն են, որոնք պայմաններ չունեին:.

Որքան գիտեմ միայն Մխիթարյանն է այստեղ մեծացել, Մովսիսյանն ու Օզբիլիսը դրսում են ապրել:

Փաստորեն մեզ նման փոքր երկրներում ֆուտբոլային տաղանդների ծնունդը կախված է  բախտից:

Մխիթարյանի կարգի աստղեր գուցե այլեւս չծնվեն: Ինչո՞ւ Արգենտինայի նման մեծ պետությունում չկա հինգ Մեսսի: Լավ պայմանները դեռ նախադրյալ չեն, որ լավ ֆուտբոլիստներ կծնվեն: Իսկ այ երբ նրանք սոված են… Օրինակ հիմա ամենից շատ ֆուտբոլիստներ գալիս են Աֆրիկայից: Ինչո՞ւ: Որովհետեւ այնտեղ պայմաններ չկան: Նրանք պետք է կրծելով առաջ գնան: Եթե ոչ՝ կմնան սոված եւ աղքատ: Ես այստեղ տեսնում եմ, թե ինչպես են ակադեմիա բերում երեխաներին: Բոլորը գալիս են մեքենաներով: Չեմ ասում թանկ մեքենաներ, բայց ոչ  մի երեխա չտեսա՝ ոտքով գար: Այ եթե նրանք պարապմունքի գային 10 կմ ճանապարհ ոտքով կտրելով, նրանցից մի բան դուրս կգար:

Կարծում եք այստեղ բոլորը երեխաներին մեքենաներո՞վ են տանում մարզման եւ բոլորը նորմալ ապրո՞ւմ են:

Իմ տեսած բոլոր երեխաներին մեքենաներով էին բերում: Ասում եմ այն, ինչ տեսել եմ:

Արվեստի մեջ կա «Կորած սերունդ» հասկացություն, ֆուտոբլում նույնպես օգտագործվում է: Բրազիլիայի 80-ականների սերունդը ֆուտբոլի պատմության մեջ լավագոււյն էր համարվում, բայց այդպես էլ լուրջ արդյունքների չհասավ: Ըստ Ձեզ էլի այդպիսի սերունդներ եղե՞լ են:

Իսկ ինչո՞ւ են նրանք կորած, որովհետեւ ոչինչ չե՞ն նվաճել: Մեր սերունդը նույնպես ոչինչ չնվաճեց, բայց դա այն սերունդ  էր, որը բարձրացրեց Ռուսաստանի պատիվն արտերկրում: Մենք բոլորս Եվրոպայում խաղում էինք այն մակարդակով, որ հիմա Մխիթարյանն է խաղում: Եվ Դուք կասեք, որ դա կորած սերո՞ւնդ էր: Դա լավագույն սերունդ էր:

Տիտղոսներն ու նվաճումները արդյոք ամենակարեւոր բաները չե՞ն:

Այն մարդկանց համար, որոնք մտածում են տիտղոսների մասին, այդպես է: Իսկ մենք այն սերունդ ենք, որը մեր երկրի պատիվը բարձր պահեց, չնայած ոչինչ չհաղթեց: Իսպանիայում դեռ հիշում են մեզ: Իսկ հիմա կարող են ամեն բան հաղթել, բայց դրսում նրանց չեն ճանաչում, որովհետեւ նրանք այնտեղ չեն խաղում:

Ինչո՞ւ չեն խաղում: Ռուսաստանում վճարվող մեծ գումարների՞ համար:

Գումարի եւ ֆուտբոլիստների մակարդակի համար: Ժիրկովը, Պավլյուչենկոն, Արշավինը գնացին խաղալու: Մի քանի տարի խաղացին եւ վերջ: Ես մենք բոլորս բավական երկար խաղացինք: Խաղում էինք,  ոչ թե պահեստայինների նստարանին նստում:

Լավ ֆուտբոլիստ լինելու համար տաղանդ է պետք, իսկ լավ մարզիչ լինելու համար նույնպես տաղա՞նդ է պետք, թե դա սովորելու հարց է:

Լավագույնը լինելու համար միշտ էլ տաղանդ է պետք: Անկախ նրանց ֆուտբոլիստ ես, մարզիչ թե բանվոր:

Ի՞նչ հատկություններ պետք է ունենալ լավ  մարզիչ լինելու համար:

Իսկ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենալ լավ  ծնող լինելու համար:

Կարծում եմ՝ հոգատարություն պատասխանատվություն:

Նույնը մարզչի հարցում է:

Կարծում եք Բարսելոնան այս տարի կկարողանա՞ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դառնալ առաջին թիմը, ում կհաջողվի երկու անգամ անընդմեջ դառնալ չեմպիոն:

Եթե այդ հարցի պատասխանն իմանայի, մեծ գումար կդնեի եւ կդառնայի միլիոնատեր: Այս պահին նրանց հնարավորությունները մեծ են: Բայց մեկ խաղում ամեն բան կարող է լինել: Պետք է նաեւ բախտի գործոնը լինի:

Համաձա՞յն եք, որ Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը լավագույն է պատմության մեջ:

Հնարավոր է: Բայց ես չեմ սիրում, երբ ամեն բան համեմատում են: Մեկին այս եռյակն է դուր գալիս, մյուսին նա, որտեղ կար Մարադոնան, երրորդին էլ՝ Ռոնալդու-Բենզեմա-Բեյլ եռյակը: Ժամանակին լավագույնը Բաստեն-Գուլիտ-Ռայկարդ եղյակն էր: Հիմա երեւի Բարսելոնայի եռյակն է լավագույնը:

Օրեր առաջ Ռունալդուն ասաց, որ եթե իր թիմակիցները լինեին իր մակարդակին, ապա «Ռեալը» չէր պարտվի:  Գուցե թիմակիցները նեղացան այդ բառերից: Դուք մարզիչ եք, եթե Ձեր ֆուտբոլիստը նման բան ասեր, կպատժեի՞ք:

Ես նրա ասածի մեջ վատ բան չեմ տեսնում: Նա իր թիմակիցներին չի ցածրացրել, այլ հորդորել է լինել ավելի լավը: Եթե նա իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինել՝ առաջինը գալ եւ վերջինը գնալ մարզումներին, ինչո՞ւ նա իրավունք չունի դա ասել:

Ո՞ր հավաքականն ունի ամենամեծ հնարավորությունները Եվրո 2016-ում:

Բոլորն ունեն: Ֆավորիտները նույն են՝ Իսպանիա, Գերմանիա, բայց գուցե ինչ-որ մեկը Հունաստանի պես անակնկալ անի, ինչպես 2004-ին:

Ռուսաստանից բացի ո՞ր հավաքականին եք սատարելու:

Իսպանիային:

Վերա Մարտիրոսյան Vera&Football