Իշխանափոխության միակ ճանապարհը քաղաքացիական անհնազանդությունն է, բայց ոչ զինված ձեւով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ,  «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

«Իշխանափոխության ճանապարհը մնացել է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը,  իսկ արյունահեղություն լինում է  այն ժամանակ, երբ բավարար չէ ռեսուրսը»,-ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցմանը, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո բարձրացված քաղաքացիական անհնազանդության ալիքը «Ռառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը հանդարտեցրեցին՝ հիմնավորելով, որ կանխում են հնարավոր բախումները իշխանության եւ ժողովրդի միջեւ, Մարտիրոսյանը պարզաբանեց, որ այն ժամանակ «Ժառանգությունը» մենակ էր, ոչ մի քաղաքական ուժ չէր սատարում, իսկ հիմա իրավիճակն այլ է։

«2013 թվականին մարդկանց թիվն ավելի քիչ էր, դրա համար մենք չգնացինք նման քայլերի։ Առավել եւս, երբ իշխանությունները 2013-ին եվրոպական ալիքի վրա էին գտնվում, սուտ խոստումներ էին տվել Արեւմուտքին, որ աչք էր փակում ընտրակեղծարարության վրա։ Իրավիճակն այնպիսին էր, որ այն, ինչ հիմա կարող է կատարվել 30-40 հազար քաղաքացու մասնակցությամբ, մի քանի տարի առաջ դրա կրկնակին էր պահանջվում։ Ամեն ժամանակ իր չափով է ճնշում պահանջում»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա կարծում է, որ եթե այսօր 40 հազար մարդ փողոց դուրս գա, իշխանափոխությունը կլինի։

«2013-ին «Ժառանգությունը» մենակ էր ու ի տարբերություն այլ ժամանակների, երբ բոլորին աջակցել էինք, նրանք որեւէ ձեւով չաջակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, հակառակ պարագայում էդ ժամանակ էլ կլիներ իշխանափոխություն։ Մենք շարունակում ենք մարտավարությունը, որ արմատական փոփոխություններ են պետք եւ համագործակցում ենք «Նոր Հայաստան» ֆորմատի շրջանակում»,-ընդգծել է նա:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ քաղաքացիական անհնազանդություն ասելով՝ նկատի չունի զինված պայքար։

Նշենք, որ նախօրեին «Նոր Հայաստան» ճակատը հրապարակել է իշխանափոխության «ճանապարհային քարտեզը», որտեղ նախատեսված է նաեւ խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում եւ այլն) կաթվածահար անել քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը եւ դրա պահանջի կատարմանը։