Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետության, որը պատասխանատվություն է ստանձնել լուծել ԼՂ հակամարտությունը, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս մասին ապրիլի 6-ին՝ Բեռլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Բնականաբար մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության թեման։ Վերջին զարգացումներն այդ տարածաշրջանում մտահոգիչ են։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է տիրող իրավիճակը»,-  ասել է կանցլերը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է կանխել էսկալացիան եւ հնարավորինս արագ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ բանակցային գործընթացին։ Մերկելը նաեւ նշել է, որ վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ-ն քիչ առաջընթաց է գրանցել այդ հարցում։ «Գերմանիան ուզում է կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Ընդունելի եւ երկարատեւ հրադադարը հրատապ անհրաժեշտություն է։ Այն, ինչ արդեն 23 տարի շարունակվում է, չի կարող մեկ այցելությամբ կամ մեկ նոր փորձով լուծվել»,- ասել է կանցլերը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Մերկելը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս լարվածության ֆոնին այդ հարաբերությունների համար նախապայմաններ չկան։