Ավստրիայի Կանաչների կուսակցությունը երկրի ԱԳՆ-ին կոչ է արել հանդես գալ անհապաղ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին։
Կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը արտգործնախարար Կուրցին ուղղված կոչում նշել է. «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարեւորում է սեւծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաեւ պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար:
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շուտափույթ կերպով հրավիրել Վիեննա եւ միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, մինչդեռ Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը: Կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ն համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում: Եվ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարեւոր է նաեւ շարունակել տարածաշրջանում հարատեւ խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը»։




























