Կանադայի հայ երիտասարդների ֆեդերացիան ապրիլի 23-ին Օտտավայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ակցիա է իրականացրել, որի նպատակն այդ ողբերգական իրադարձությունների մասին իրազեկվածության աստիճանի բարձրացումն էր:
Ապրիլի 23-ի առավոտյան ավելի քան 100 ակտիվիստներ Կանադայի մայրաքաղաքի մարդաշատ փողոցներում ու խաչմերուկներում Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի շարունակվող ժխտողական քաղաքականության մասին իրազեկման թռուցիկներ են բաժանել մարդկանց:
Նույն օրը երեկոյան ժամը 18-ին ակտիվիստները պարաններով միմյանց կապված ակցիա են իրականացրել, որը խորհրդանշում էր Ցեղասպանության ժամանակ հայերի զանգվածային տեղահանումը: Երթն ավարտվել է Ռիդո կենտրոնի մոտ, որտեղ ակցիայի մասնակիցները զանգվածային մահ են բեմադրել՝ պառկելով գետնին:
Կանադայի հայ երիտասարդների ֆեդերացիան մտադիր է իր ակցիաները շարունակել ողջ գիշերվա ընթացքում: Երիտասարդների խումբը տեղի ժամանակով երեկոյան ժամը 20-ին մոմերով ենթ են անցկացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Հենց այստեղ են ապրիլի 24-ին հավաքվելու հազրավոր կանադացիներ՝ իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ:

.jpg)





























