Կանայք իրենց կյանքի 6 ամիսն անցկացնում են՝ որոշելով, թե ինչ հագնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ իգական սեռի  ներկայացուցիչներն ամեն օր 18-60 տարեկանում այդ մտորումների վրա ծախսում են 17 րոպե, ինչը տարեկան կազմում է 4 օր կամ կյանքի ընթացքում՝ 6 ամիս, փոխանցում է Medikforum-ը:

Բրիտանացի սոցիոլոգների՝ 2000 տղամարդկանց եւ կանանց շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ կանանց 62 տոկոսը սաստիկ նյարդայնանում է երկարատեւ ընտրություն կատարելու պատճառով: Ընդ որում, այդ խնդրին բախվում է նաեւ հարցված տղամարդկանց 1/3-ը:

Ընդհանուր առմամբ մասնակիցների 15 տոկոսը խոստովանել է, որ հագուստ ընտրելու ամենօրյա հոգսն այնքան է փչացնում նրանց տրամադրությունը, որ բացասական զգացողությունը մնում է մինչեւ օրվա վերջը: Այդ տառապալի ընտրության պատճառով ամեն օր աշխատանքից ուշանում է հարցվածների 10 տոկոսը, իսկ 5 տոկոսին էլ ուշացնում են նրանց զուգընկերները, որոնք երկար ընտրում են, թե ինչ հագնել:

Կանանց 21 տոկոսը խոստովանել է, որ տանից դուրս գալուց առաջ հագուստի ընտրությունն իրենց ընկերների հետ վիճելու պատճառ է դառնում: