Ռուտգերսի համալսարանի աշխատակիցները Նյու Յորքի համալսարանի գործընկերների հետ անցկացրած հետազոտության արդյունքում անսպասելի եզրահանգում են արել. երջանիկ զույգերը միմյանց հավատարիմ են մնում ենթագիտակցության մակարդակով: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով PsyPortal-ը:

Իրենց տեսությունը հաստատելու համար գիտնականները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ փորձ են կատարել: Նախ մասնակիցները հարցաթերթիկ են լրացրել՝ պատասխանելով հարցերի, թե որքանով են գոհ իրենց ներկա հարաբերություններից եւ զուգընկերներից:

Այնուհետեւ կամավորներին առաջարկել են հակառակ սեռի գրավիչ եւ ազատ կարգավիճակ ունեցող ներկայացուցիչների լուսանկարներ դիտել: Նրանք պետք է լուսանկարի միջոցով գնահատեին մարդկանց գրավչությունը:

Համադրելով ստացված արդյունքները՝ հետազոտողները հետաքրքիր օրինաչափություն են բացահայտել: Պարզվել է, որ իրենց հարաբերություններից գոհ եւ երջանիկ կամավորները ոչ միայն չեն արձագանքել համակրելի անծանոթների լուսանկարներին, այլեւ ավելի ցածր են գնահատել նրանց գրավչությունը:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ այլոց արտաքինը կանայք եւ տղամարդիկ բարձր են գնահատում միայն այն դեպքում, եթե խնդիրներ ունեն զուգընկերոջ հետ հարաբերություններում: Այդ դեպքում գործում է ապահովագրվելու բնական մեխանիզմը: