Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատարագի արարողության մասնակցելու որեւէ հրավեր չի ստացել, բայց եթե նման բան լինի, մենք կքննարկենք այդ հարցը, եւ չի բացառվում, որ մեր կողմից մասնակցություն լինի։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա հավաստմամբ, արդեն չկա որեւէ արգելք, որը կարող է խանգարել Սուրբ Խաչի պատարագներին ներկա գտնվել նաեւ Հայաստանի հոգեւոր դասին։ «Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից հրավեր էինք ստացել մասնակցել պատարագի արարողությանը։ Սակայն այժմ նոր իրողությունները հաշվի առնելով՝ հարցը պետք է կրկին քննարկվի»,- ասաց եպիսկոպոսը՝ միաժամանակ խուսափելով հստակ պատասխանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայիս հարաբերություններին առնչվող հարցին։

«Ես չեմ ցանկանում ուղղակիորեն անդրադառնալ այդ հարցին, քանի որ դրանք միշտ եղել են նվիրապետական աթոռների հարաբերությունների համատեքստում, այսինքն՝ ջերմ եւ եղբայրական։ Այդ հարաբերությունների մասին խոսելիս պետք է միշտ նկատի ունենալ այն միջավայրը, որում գործում է Պոլսո պատրիարքարանը։ Ավելորդ է որակումների դիմել, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Թուրքիայում»,- ընդգծեց նա, հավելելով, որ այդ երկրում պետական հովանավորչության ներքո է իսլամը, մինչդեռ քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ որոշակի ժեստերը Թուրքիայի համար փրկօղակ են՝ նետված իրենց հեղինակությունը Եվրոպայի եւ միջազգային հանրության առջեւ պահպանելու համար։

Վերջում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հիշեցրեց, որ Ստամբուլում կենտրոնացած Թուրքիայի հայ համայնքն ունի գործող 16 եկեղեցի։ «Փառք եւ խոնարհում այդ մարդկանց, որ այդքան բռնաճնշումների ներքո կարողանում են պահպանել հայ եկեղեցին»,- ընդգծեց նա: