Այս շաբաթ Բաքվում մեկնարկած «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարին հրավիրված` Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը եւ Էնրիկե Իգլեսիասը պետք է զվարճացնեն մրցաշարի երկրպագուներին` օգնելով իշխող Ալիեւների ընտանիքին Ադրբեջանը ներկայացնել որպես երջանիկ ու նորմալ երկիր ու ազգ։

Այս մասին The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածում գրել է հայտնի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Նա մասնավորապես, գրել է.

«Բայց Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ծաղկում է կոռուպցիան։ Պաշտոնյաներն այստեղ կարող են գնվել ու վաճառվել, կարող են չտեսնել հանցագործությունները, եթե լավ գին է վճարված։ Միակ բանը, որ չես կարող գնել, խոսքի ազատությունն է։

2015 թվականի սեպտեմբերին ես դատապարտվել եմ 7,5 տարվա ազատազրկման տարբեր մեղադրանքներով, այդ թվում յուրացման եւ հարկերից խուսափելու համար։ Մեղադրանքները կեղծ էին, բայց շատ հեգնական։ Իրական պատճառն այն էր, որ ես որպես լրագրող հետաքննում էի Ալիեւների ընտանիքին առնչվող հանցագործությունները։

Երբ ինձ հարցրեցին, թե կցանկանայի՞, որ իմ ընտանիքի անդամներն ու փաստաբանները նախագահին դիմում գրեն ինձ ազատ արձակելու խնդրանքով, ես ասացի` ոչ: Դա կնշանակեր մասնակցել ստին, ես չցանկացա դառնալ բռնատիրական մեքենայի մասը։

Իմ ազատ արձակումը տեղի ունեցավ մայիսին եւ այն միջազգային հանրության ճնշման արդյունք էր։ Բայց ես միայն մեկն էի Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներից։ Շատերը նախկինի պես մնում են ճաղերի հետեւում։

Ադրբեջանի իշխանությունները հուսահատորեն փորձում են Ադրբեջանին ներկայացնել որպես լիբերալ, բազմակարծություն ունեցող երկիր: Միաժամանակ, նրանք սպորտային մեգաիրադարձությունների վրա մեծ գումարներ են ծախսում, որով փորձում են կուրացնել աշխարհը։

Հետաքրքիր է, Ֆարել Ուիլյամսը եւ մյուսները Բաքվում դադար կվերցնե՞ն եւ կհարցնե՞ն հասարակ ադրբեջանցիներին, թե արդյոք նրանք երջանիկ են, ցանկանո՞ւմ են իրենց երկրում տեսնել այսպիսի հեղինակավոր միջոցառումներ, երբ երկիրը չի կարողանում իր քաղաքացիների համար հիմնարար առողջապահական ապահովագրության համակարգ ստեղծել։

Կամ գուցե նրանք չեն էլ հարցնի, քանի որ գիտեն, որ ադրբեջանցիների մեծ մասը չեն բարձրաձայնում իերնց կարծիքը՝ վախենալով, որ հետո ոչ մի փողով չեն կարող գնել իրենց ազատությունը։

Գուցե նրանք, ում ազատությունը ռիսկի տակ է, չեն կարող հարցականի տակ դնել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունը կամ Ուիլյամսը կարող են, եթե իհարկե նրանք ստիպված չեն մասնակցելու ստին»։