Հուլիսի սկզբին Իտալիայում լույս կտեսնի հետխորհրդային Հայաստանի մասին առաջին գրքերից մեկը: «Հայաստանն այսօր. Ապրող ազգի առջեւ ծառացած դրաման ու մարտահրավերը» գրքի հեղինակը իտալացի լրագրող Սիմոնե Դզոպելարոն է: Գրքի նախաբանը պատրաստել է հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանը, որը Հայաստանում հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով: Իր գրքի մանրամասների մասին NEWS.am–ի թղթակցին պատմել է գրքի հեղինակը, որը բազմիցս եղել է թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես հայտնել է Դզոպելարոն, Հայոց ցեղասպանության մասին իտալերեն գրքեր արդեն կան, ընդ որում լավագույն պատմաբանների հեղինակած: Բայց հետխոհրդային Հայաստանի մասին քիչ է գրվել, կամ՝ առհասարակ ոչինչ: Շատ իտալացիների ու եվրոպացիների մոտ Հայաստանը ընդհանուր առմամբ ասոցացվում է Ցեղասպանության ողբերգության հետ, բայց Ղարաբաղյան հակամարտության, նաեւ հայ ժողովրդի մյուս խնդիրների մասին շատերը չգիտեն: «Հենց այդ պատճառով էլ ես գրքի վերնագրում գրել եմ «ապրող ժողովորդ»: Այս արտահայտությունը Պյեր Պաոլո Պազոլինիի բանաստեղծությունից է ( «Իմ ժողովուրդ» բանակստեղծությունից, որը իտալացիներին է նվիրված- խմբ.): Հայաստանը ապրում է՝ չնայած նրա նախկին ու ներկա պատմության բոլոր տառապանքներին ու իրադարձություններին: Իմ կարծիքով սա շատ բանի մասին է խոսում: Գրքում հավաքված են իտալական պարբերականների համար իմ ռեպորտաժները: Դրանց միավորում է 2015 թվականը, Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Գրքում ես պատմում եմ հիշատակի միջոցառումների, System of a Down խմբի համերգի, Ղարաբաղի խրամատների մասին, որտեղ ես եղել եմ, Electric Yerevan ակցիայի, սիրիահայերի մասին, որոնք պատերազմից են փախել: Ահա այդ իրադարձությունենրի մասին է իմ գիրքը: Որոշ բաների մասին ես սեփական փորձից եմ իմացել, որոշ բաների մասին էլ՝ Հայաստանում ու Ղարաբաղում վերջին տարիներին իմ հանդիպումներից ու հարցազրույցներից»,- պատմել է Դզոպելարոն:
Իսկ ինչպե՞ս համոզել իտալացի ընթերցողին, որ գիրքն անաչառ է, եթե նրանք գիտեն, որ հեղինակը բազմիցս եղել է Հայաստանում ու Ղարաբաղում, իսկ Ադրբեջանում՝ երբեք: Այս հարցին նա պատասխանեց «Ես հաճույքով կայցելեի Ադրբեջան, բայց երբ առաջին անգամ Ղարաբաղ այցելեցի, իմ անունը հայտնվեց սեւ ցուցակում: Հիմա ես չեմ կարող այցելել Ադրբեջան, ինչպես եւ իմ գործընկերները՝ Աննա Մացոնեն RAI –ից ու Ռոբերտո Տրավանը La Stampa–ից: Իմ ոչ սակավաթիվ քննադատներին ես մի հստակ պատասխան ունեմ՝ Electric Yerevan ակցիայի ժամանակ ես առաջիններից մեկն էի, որ դատապարտեցի ոստիկանության ուժային գործողությունները ցուցարարների ու լրագրողների դեմ, հարցազրույց վերցրեցի նրանցից մի քանիսից: Այս առումով ես երբեք խնդիրներ չեմ ունեցել, չնայած Երեւանում կան մարդիկ, ում դա բոլորովին դուր չի եկել: Հայաստանում ժողովրդավարության համար շատ հստակ սահմաններ են գծվել: Օլիգարխները մեծ չարիք են, ու վտանգ կա, որ նրանք կարող են մեկընդմիշտ խեղդամահ անել ժողովրդավարությունը Հայաստանում: Եվ հենց դրա հետեւանքով է այդ մշակութային հասարակությունը, որն այդքան հսկայական ներուժ ունի, աղքատության մեջ ապրում: Այդ մասին, այսպես թե այնպես, ասվում է Հայաստանի մաիսն իմ բոլոր հոդվածներում, նաեւ իմ գրքում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես հեռու եմ կողմերից որեւէ մեկին պաշտպանելուց, բացի զոհերից՝ իսկ նրանք երկու ճամբարի չեն բաժանվում: Ես կողմ եմ, որ ազգայնականության դեմ ալերգիա դաստիարակվի, քանի որ այն իմ կարծիքով միայն արդարացման դեր է կատարում անհնարինը արդարացնելու համար: Սա չի նշանակում, որ ես կողմ եմ այս հակամարտության վերաբերյալ եվրոպական կազմակերպությունների դիրքորոշմանը: Միջազգային համայնքի դերակատարումը այլ կերպ քան հանցավոր չես անվանի: Ձեւացնել չեզոքություն, երբ մեղավորը ակնհայտ է ( ինչպես օրինակ ապրիլին, երբ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ կասետային ռումբեր կիրառվեցին) նվազ դաժան չէ, քան բռնություն գործելը: Դանթեն մեծ ատելությամբ էր վերաբերվում անվճռական մարդկանց ու նրանց տեղը Դժոխքի նախաշեմին էր տեսնում ( այսինքն նույնիսկ Դժոխք մուտք գործել նրանք չեն կարող- խմբ.): Իմ կարծիքով այս որոշումը այսօր էլ արդարացի կլիներ: Այն որ Ռուսաստանն ու Պուտինն է՛լ ավելի վատ են վարվում, վաճառելով զենք հակամարտության երկու կողմերին, մեզ՝ եվրոպացիներիս ոչ մի կերպ չի արդարացնում:
Հավելենք, որ իր նախաբանում Անտոնիա Արսլանը նշել է « Իր ոճի մեջ՝ համոզիչ ու հստակ, բայց ոչ անտարբեր, սա մի պատմություն է Հայաստանի մասին ու հեղինակի խոհերը այդ փոքր ու հպարտ երկրի մասին»:





























