Ըստ ընթացակարգի պաշտպանության նախարարությունը պետք է համապատասխան դիմում ներկայացնի առողջապահության նախարարություն, որի հիման վրա համապատասխան հանձնաժողովը կտա եզրակացություն՝ կարիք կա՞, թե չկա վիրավոր զինծառայողներին տեղափոխել արտերկիր, հնարավոր է նրանց Հայաստանում բուժել, թե ոչ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե դիտարկվո՞ւմ է արդյոք կենտրոնական հոսպիտալում բուժում ստացող Ավետիս Զարգարյանի եւ Ռոլանդ Սահակյանի արտերկրում բուժումը շարունակելու հարցը։
«Այս պահին որեւէ նոր դիմում չունենք», – ասել է նախարարը՝ հավելելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվում ստացած երեք զինվոր դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը գնահատում է կայուն՝ դրական միտումներով:
«Այսօր Ռոլանդին կարողացել են բակ իջեցնել` մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա, հուսով եմ, որ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,-ասել է Մուրադյանը:
Անդրադառնալով բուժումը Գերմանիայում շարունակող Արման Լազգիյանին՝ նախարարը նշել է, որ նրա մոտ վիճակը կայուն է. «Գրեթե ամենօրյա կապի մեջ ենք իրենց հետ, ինչպես նաեւ Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ նա անցնում է իր բուժումը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը NEWS.am-ին հայտնել էր, որ առողջապահության եւ պաշտպանության նախարարությունները քննարկում են այս երկու վիրավոր զինծառայողների արտասահմանում բուժման հարցը։ Հետագայում նա մանրամասնել էր, որ «առողջապահության ու պաշտպանության նախարարները հիմա բանակցում են օտարերկրյա մասնագետների հետ, ուսումնասիրում նրանց փորձը ու փորձում հասկանալ, թե հատկապես ինչ կարող են առաջարկել վիրավոր տղաներին»։
NEWS.am- ի գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ ՀՀ Առողջապահության նախարարի մայիսի 12–ի հրամանով հաստատվել է ՀՀ տարածքում գործող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման անհնարինության եւ բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմը։ Համաձայն այդ հանձնաժողովի աշխատակարգի, վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման հարցը քննարկելու համար պետք է լինի համապատասխան պետական մարմնի (տվյալ դեպքում պաշտպանության նախարարության) դիմումը։
Ավետիս Զարգարյանի եւ Ռոլանդ Սահակյանի վերաբերյալ դեռեւս ՀՀ առողջապահության նախարարություն փաստաթղթեր չեն ներկայացվել», – հայտնել էին ՀՀ առողջապահության նախարարաթյունից։





























