«Գահերի խաղ» սերիալի վեցերորդ սեզոնի ավարտից հետո զանգվածային լրատվության միջոցները եւ հեռուստաշոուի երկրպագուները սկսել են վարկածներ կառուցել այն մասին, թե ինչ տեղի կունենա յոթերորդ սեզոնում: Իր ենթադրություններով է հանդես եկել նաեւ  The Hollywood Reporter ամսագիրը:

Պարբերականի վարկածի համաձայն, «Գահերի խաղի» հաջորդ սերիաներում կպատմեն թագավորների` Դեյեներիս Տարգարիենի եւ Սերսեյ Լաննիստերի անխուսափելի դիմակայության մասին, որովհետեւ  «վիշապների մայրը» վերջապես Վեստերոս է մեկնել: Ենթադրվում է, որ Սերսեյը շանսեր չունի:  

THR-ն նաեւ կանխատեսել է Հյուսիսի թագավորների` Գիշերային պահակախմբի նախկին լորդ հրամանատար Ջոն Սնոուի եւ սպիտակ  քայլողների առաջնորդի դիմակայությունը: Պարբերականը չի բացառում, որ Վեստերոսը պաշտպանող պատը կփլվի:   

Յոթերորդ սեզոնի հնարավոր իրադարձությունների ցուցակում է հայտնվել նաեւ Սթարկ ընտանիքի ներկայացուցիչների նոր վերամիավորումը (Ջոն Սնոուն եւ Սանս Սթարկն արդեն հանդիպել են վեցերորդ սեզոնում, երբ Արյա Սթարկը եւ Բրան Սթարկը դեռ չէին վերադարձել Վինթերֆելլ), ինչպես նաեւ Լաննիստերների վերամիավորումը   (որովհետեւ Տիրիոն Լաննիստերը Դեյեներիս Տարգարիենի հետ Վեստերոս է վերադառնում, որտեղ գտնվում են նրա եղբայրը եւ քույրը):

Բացի այդ, ամսագիրը սպասում է Դեյեներիս Տարգարիենի եւ Ջոն Սնոուի հանդիպմանը, որոնք, պարզվել է, իրար ազգականներ են: Ենթադրվում է, որ իր դերը կխաղա նաեւ Ցիտադելը, որտեղ եկել է Սնոուի ընկերը` Սեմվել Տարլին: 

Ամսագիրը հիշեցնում է, որ յոթերորդ սեզոնի սկզբին կարող է հրապարակվել Ջորջ Մարտինի երկար սպասված «Ձմեռվա քամիներ» գիրքը նոր մանրամասներով, հայտնում է  Gazeta-ն: