Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ անծանոթ մարդու հետ մտերմանալու համար անհրաժեշտ է ուտել նույն ուտելիքը։ Հետազոտողները  փորձարկություններ են անցկացրել, որի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է  ծանոթանար անծանոթ մարդու հետ եւ փորձեր նվաճել նրա վստահությունը։ Մասնակիցներին գումար են տվել, որը նրանք կարող էին տալ անծանոթին համատեղ ներդրումներ անելու համար։ Ընդ որում, մասնակիցներն իրենք էին որոշում, թե որքան գումար են ուզում տալ իրենց գործընկերոջը։ Որոշ զույգեր գործարքից առաջ կերել են միեւնույն կոնֆետը, իսկ մյուսները՝ տարբեր։ Հետազոտողները պարզել են, որ փորձի մասնակիցները ավելի շատ գումար են տվել այն անծանոթներին, որոնց հետ միեւնույն կոնֆետն էին կերել, հայտնում է Planet-today–ը։

Գիտնականները հավելյալ մեկ փորձ էլ են արել եւ ստուգել գործնական բանակցությունների ժամանակ մատուցվող ճաշի թողած ազդեցությունը։ Պարզվել է, որ գործընկերները, որոնք միեւնույն մթերքն են կերել, բանակցություններում մոտ 2 անգամ ավելի արագ են համաձայնության եկել, քան նրանք, ովքեր տարբեր մթերքներ են կերել։

«Մեծ խմբակային հանդիպումների ժամանակ, օրինակ, կազմակերպիչները կարող են սահմանափակել ուտեստների քանակը, որպեսզի մասնակիցները միեւնույն մթերքն ուտեն, ինչը նպաստում է վստահության եւ համագործակցության աճին,– ասել է հետազոտող Քեթլին Վուլլին։– Գործընկերոջ հետ ճաշելիս կամ ժամադրության ժամանակ պատվիրեք միեւնույն ուտելիքը, որպեսզի հարաբերություններ կառուցեք»։

Թեպետ միանման ուտելիքը նպաստել է վստահության ու համագործակցության մթնոլորտ ստեղծելուն, հետազոտողները պարզել են, որ նախապատվություններում այլ նմանությունները նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը։ Օրինակ՝ միեւնույն գույնի վերնաշապիկ հագած մարդիկ ավելի շատ են միմյանց վստահել, քան նրանք, որոնք տարբեր գույնի վերնաշապիկ են կրել։ Բայց միեւնույնն է, հագուստի գույնը նման վճռորոշ նշանակություն չի ունեցել վստահության ամրապնդման համար, որքան միատեսակ ուտելիքը։