Սյունիքի մարզի Գորիս քաղաքի անտառապահ Արթուր Յուզբաշյանը, ում վերահսկողության տակ է գտնվում Գորիսի անտառների ընդհանուր տարածքի 300 հա հատվածը, դժգոհ է իր աշխատավարձից։

«Ամեն օր 25-30 կմ ոտքով շրջում եմ անտառում։ Առավոտյան 7-ին դուրս եմ գալիս եւ երբեմն տուն եմ վերադառնում գիշերը 12-ին։ Շաբաթը 7 օր աշխատում եմ։ Նոր տարվա նախօրեին էլ հերթապահությունը դառնում է շուրջօրյա։ Ու ամսական դրա համար ստանում եմ ընդամենը 50 հազար դրամ»-պատմում է  անտառապահն ու հավելում, որ դա չի բավականացնում նույնիսկ հանապազօրյա հացի համար:

«Գործն իմ սրտով է, նվիրված եմ իմ աշխատանքին, սակայն եթե ես իմ երեխայի հանապազօրյա հացը չեմ կարողանում վաստակել, էլ ինչի՞ համար շարունակեմ աշխատել։ Տանը 7 շունչ ենք, միայն ես եմ աշխատում, վճարովի  սովորող երկու  ուսանող ենք պահում»- վրդովված նշում է անտառապահը։

«ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի  տնօրենի տեղակալ Սամվել Սահակյանի խոսքով, անտառապահերի աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է, բայց «այսօր այդ ֆինանսական միջոցները չկան»: Նրա խոսքով, աշխատավարձերը բարձրացնելու այլ տարբերակ էլ կա, որը պայմանավորված է «ՀայԱնտառի»  ֆինանսական հնարավորությունների ավելացմամբ: «Կախված նրանից, թե համակարգը որքան լավ կաշխատի եւ որքան լրացուցիչ եկամուտներ կստանա, այդքանով էլ կարող է բարձրացնել աշխատավարձները»,-նշեց Սահակյանն ու շարունակեց. «Անտառների պահպանության հիմնական ծախսերը հոգում է պետական բյուջեն, որը դրա համար նախատեսում է 710 միլիոն դրամ։ Այդ գումարը բավական չէ նույնիսկ զուտ միայն աշխատողներին աշխատավարձ տալու համար։ Մնացած ծախսերը աշխատում ենք համակարգել սեփական եկամուտների հաշվին, որն առաջանում է հիմնականում փայտանյութի վաճառքի միջոցով»։ Վերջինս համոզված է, որ 45-55  հազար դրամով հնարավոր չէ գոյատեւել, «սակայն այդ աշխատավարձը գյուղական վայրերում լրացուցիչ եկամտի աղբյուր է, քանի որ բացի աշխատավարձից, թույլ է տրվում անտառից խոտ եւ հատապտուղներ հավաքել»:

Բացի այն, որ անտառապահները չնչին աշխատավարձ են ստանում, նրանց չեն տրամադրում նաեւ անհրաժեշտ միջոցներ. զենք` գազաններից պաշտպանվելու համար, ձի, արտահագուստ, փոխադրամիջոց եւ այլն:

«Առաջներում կոմունիստների ժամանակ անտառապահներին տրամադրում էին զենք, ձի, ձիու  համար գարի, արտահագուստ։ Բայց այսօր ինձ մոտ միայն երեք տարի առաջ տրված արտահագուստ կա»-նշում է անտառապահ Արթուր Յուզբաշյանը։

«ՀայԱնտառի» ներկայացուցիչը հավաստիացրեց, որ նախատեսվում է տրամադրել հագուստ, զենք, տեխնիկա, փոխադրամիջոց, սակայն, թե կոնկրետ երբ, դարձյալ չնշեց, քանի որ դա նորից կախված է նյութական հնարավորություններից։

Այդ ամենից զատ, անտառապահներն անպաշտպան են նաեւ  օրենսդրորեն։ Թեեւ օրենքով  նախատեսված է 8 ժամյա աշխատանքային օր եւ շաբաթը 5 օր աշխատանքային գրաֆիկ, սակայն, եթե հանգստյան օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին վերահսկվող  հատվածում ապօրինություն է  կատարվում,  ապա  ամբողջ պատասխանատվությունը ջարդվում է հենց  անտառապահների ուսերին։

«Ինձ հետ այդպիսի մի  դեպք եղել է։ Իմ վերահսկողության տակ գտնվող տարածքում  6-7 սմ բուն ունեցող 3 հատ չոր ծառ էին հատել։ 65 700 դրամ տուգանք գրվեց, որ չէի կարողացել հայտնաբերել, թե ո՞վ է եղել կտրողը։ Այդ ամիս առանց աշխատավարձի մնացի», -պատմեց Արթուր Յուզբաշյանը։

«Հայանտառի» փոխտնօրենի խոսքով, անտառային օրենսդրությունը չի խրախուսում անտառապահին՝  բացահայտելու անտառում կատարված ապօրինությունը, քանի որ «երբ նա բացահայտում է որեւէ անտառահատման փաստ, դրա համար հենց իրեն են տուգանում, էլ ինչո՞ւ պետք է բացահայտի»:

Թերեւս սա է պատճառը, որ անտառապահները ստիպված են լինում երբեմն անօրինական գործարքի մեջ մտնել։ Ի դեպ գազի գների թանկացման հետ կապված անտառապահների աշխատանքն ավելի է բարդացել, քանի որ գյուղացիները հույսները  դնում են անտառից բերված վառելափայտի վրա:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրավացիորեն նշեց Սյունիքի մարզի ‹‹Խուստուփ›› բնապահպանական ՀԿ-ի նախագահ  Վլադիկ Մարտիրոսյան.

«Գալու է  ժամանակ, երբ ճրագով ման գանք անտառապահ չենք գտնելու»։