Փենսիլվանիայի պետական համալսարանի մասնագետներն Instagram սոցցանցի 500 մլն միկրոբլոգերի հետազոտություն են անցկացրել եւ օգտատերերի պահվածքում որոշակի օրինաչափություն նկատել: Այս մասին գրում է Life-ը:
Պարզվել է, որ դեռահասները «լայք»-երի թվի հարցում ավելի շահագրգռված են, քան հասուն տարիքի օգտատերերը: Պատանիները ձգտում են հնարավորինս արագ ջնջել այն լուսանկարները, որոնք շրջապատի կողմից հավուր պատշաճի չեն գնահատվում: Բացի այդ, պատանիներն ու երիտասարդներն ավելի շատ մեկնաբանություններ են թողնում:
Engadget-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ չնայած հասուն տարիքի օգտատերերն ավելի քիչ ակտիվ են սոցցանցերում, փոխարենը նրանք հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ ունեն: Իսկ դեռահասները հիմնականում նախընտրում են պատմել իրենց անձնական մտահոգությունների եւ այդ պահի տրամադրության մասին:
Մասնագետները նաեւ նշում են. Instagram-ում «լայքը» ոչ միշտ է նշանակում, որ ձեր լուսանկարն իսկապես դուր է եկել մյուս օգտատերերին: Հաճախ օգտատերերը «սրտիկների» օգնությամբ ցանկանում են պարզապես ցույց տալ, որ դիտել են տվյալ լուսանկարը:





























