Մի քանի հնդկական ընկերություն որոշել են իրենց աշխատակիցներին հանգիստ տալ «Քաբալի» ֆիլմը դիտելու համար, որում նկարահանվել է հնդկական կինոյի աստղ Ռաջնիքանթը։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հուլիսի 22-ին՝ ֆիլմի պրեմիերայի օրը, շատերն ամեն դեպքում աշխատանքի չեն գնա, որպեսզի դիտեն ֆիլմը, հայտնում է BBC–ն։
Միեւնույն ժամանակ Ռաջնիքանթի երկրպագուները օնլայն խնդրագիր են հրապարակել՝ խնդրելով հուլիսի 22-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր հայտարարել ֆիլմի՝ վարձույթի հանելու կապակցությամբ։ Air Asia ավիաընկերությունը նույնպես մասնակցել է ֆիլմի գովազդային արշավին. Բանգալորի եւ Չեննայիի միջեւ չվերթների ժամանակ ուղեւորներին դերասանի սիրելի ուտեստներն են մատուցում։
Նշենք, որ «Քաբալի»–ն գանգստերական դրամա է, որում Ռաջնիքանթը տարեց մաֆիոզի դեր է խաղում։
Շիվաջի Ռաո Գաեքվադը, հայտնի որպես Ռաջնիքանթ, կարիերայի ընթացքում կերտել է 150 կերպար։ Նա Հնդկաստանում շատերի կուռքն է համարվում։





























