ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ապաստան է ստացել Ռուսաստանում, մտադիր է ստեծել սմարթֆոնների համար հատուկ պատյան, որը հատուկ ծառայություններին թույլ չի տա հետեւել սարքի տիրոջ տեղաշարժին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սնոուդենը զբաղվում է այս նախագծով ամերկացի ծրագրավորող Էնդրյու Խվանգի հետ միասին: Սարքի նկարագրության մեջ նրանք նշում են, որ ոմանք իրենց մասնագիտության յուրահատկության պատճառով լուրջ վտանգի են ենթարկվում: Դժբախտաբար լրագրողներին կարող են մատնել հենց նրանց սեփական սարքերը: Սմարթֆոնները իդեալական հնարավորություն են տալիս նրանց գտնվելու վայրը որոշելու համար, շեշտում են նրանք:

Սնոուդենն ու Խվանգը նշում են, որ կցանկանային ստեղծել լրագրողների համար մի սարք, որի օգնությամբ նրանք կկարողանան պաշտպանվել լրտեսումից, նաեւ իմանալ, արդյոք որեւէ մեկը փորձում է պարզել, թե որտեղ են իրենք: Մշակողների մտահղացումով, սմարթֆոնների տերերը պետք է իրենց սարքը միացնեն ավիառեժիմի ու տեղադրեն հատուկ պատյանի մեջ: Այդ դեպքում սարքն ամբողջովին կդադարի տեղեկություններ հաղորդել, իսկ եթե որեւէ մեկը այնուամենայնիվ փորձի մուտք գործել սմարթֆոն, պատյանը համապատասխան ազդանշան կհաղորդի տիրոջը:

Սնոուդենն ու Խվանգը շեշտում են, որ սմարթֆոնների շատ մոդելներ այնպես են կառուցված, որ նույնիսկ ավիառեժիմ գործածելու դեպքում ԱՄՆ հատուկ ծառայությունները միեւնույն է հնարավորություն ունեն պարզել, թե որտեղ են գտնվում դրանց օգտատերերը: