Նիսում ահաբեկչությունը, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը. Եվրոպան ճգնաժամի օղակի մեջ է եւ թվում է, թե այսօր շատ բան է դրված խաղասեղանին։ Իսկ մի՞թե մեզ չէին նախազգուշացրել։ Թե բանն այն է, որ մենք ոչինչ չենք ցանկացել լսել։ Այս մասին գրում է Die Welt–ի տեսաբան Միխայել Շթյուրմերը՝ դատողություններ անելով քաղաքակրթությունների բախման մասին, որի վկաներն ենք այսօր դարձել մենք։

Բառացիորեն մեկ գիշերում այնպիսի գրավիչ հանգստավայրը, ինչպիսին Նիսն է, սարսափի հոմանիշ դարձավ։ «Ոչ ոք ապահովագրված չէ ահաբեկչությունից, որը ոչ թե բանակ է ուղարկում մարտադաշտ, այլ անկարգություններ է անում միաժամանակ ոչ մի տեղ եւ ամենուր՝ վախ սփռելով մարդկանց սրտերում։ Այդպիսին է այդ արյունոտ մարտի ուղերձը»,– գրում է հեղինակը։

Նիսի ահաբեկչությանը հաջորդեցին Թուրքիայի դեպքերը։ «Զինվորականները, Արեւմուտք նայող քեմալական իրավապահները գնացին հեղաշրջման, եւ անմիջապես շշուկներ տարածվեցին, որ Էրդողանն ինքն է բեմադրել հեղաշրջման փորձը։ Եվրոպան ճգնաժամի մեջ է՝ Բալթիկ ծովից մինչեւ Պարսից ծոց։ Խաղասեղանին, թվում է, դրվել է այն ամբողջ կայունությունը, անվտանգությունն ու վստահությունը, որը վերջին տասնամյակների նվաճումն էր»,– գրում է հեղինակը։

Հեղինակի կարծիքով այդ մասին մեզ նախազգուշացրել էին դեռ 20 տարի առաջ։ Հենց այդ ժամանակ լույս տեսավ Հարվարդի համալսարանի հայտնի պրոֆեսոր Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» («Clash of Civilizations») գիրքը։

Պրոֆեսորն իր գրքում փչացրեց սառը պատերազմից հետո աշխարհով մեկ տարածվող թեթեւության զգացումը։ Այն ժամանակ հարվարդցի պրոֆեսորի նախազգուշացումներն անտեսվեցին։ «Բայց նա, ով այսօր կկարդա հեղինակավոր քաղաքագետի 500-էջանոց աշխատությունը, կգտնի այնտեղ ցուցումներ ժամանակակից աշխարհի լարվածության օջախների մասին, եւ առաջին հերթին՝ դա վերաբերում է իսլամի տրոհված սահմաններին»,– ասված է հոդվածում։

Հանթինգթոնը, ըստ գերմանացի տեսաբանի, կրոնի եւ մշակույթի, պատմության եւ աշխարհագրության մեջ տեսել էր սառը պատերազմից հետո նոր հակամարտությունների վտանգը։

Հանթինգթոնն ու նրա համախոհների թիմն արդեն այն ժամանակ ենթադրում էին, որ հինը կարող է վերադառնալ որպես նոր, եւ քաղաքական իսլամը արաբական երկրներն ավերակների կվերածի։ Որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայի, Վրաստանի եւ Բալթյան երկրների կորստյան հետ, Բալկանները կվերածվեն արյունոտ բախումների վայրի, իսկ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասարակշռություն կտիրի, մինչ Չինաստանը պահանջում է իր ժառանգությունը, փոխանցում է Շթրյումերը։

Հանթինգթոնի վերլուծության մեջ կարելի է տեսնել 5 թեզիս, ասված է հոդվածում։ Առաջին՝ պրոֆեսորը նշում է, որ տնտեսական եւ սոցիալական մոդերնիզացիան չի հանգեցնում ունիվերսալ մշակույթների ստեղծմանը եւ չի նպաստում ոչ արեւմտյան հասարակությունների՝ Արեւմուտքի կողմը շրջվելուն։

Երկրորդ՝ մշակույթների կշռում տեղի է ունենում հավասարակշռության փոփոխություն։ Երրորդ՝ մենք տեսնում ենք աշխարհայացքի ձեւավորում, որը հիմնված է մրցակցային արժեքների վրա։ Չորրորդ՝ Արեւմուտքի հավակնությունները հանգեցնում են սահմանային հակամարտությունների։

Եվ հինգերորդ՝ մշակույթների համաշխարհային բախումից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե Արեւմուտքը ամրապնդի իր միասնականությունը Ամերիկայի ղեկավարությամբ, որն էլ իր հերթին պետք է իրեն իր շրջանակներում պահի։