Մալայզիական Boeing MH370-ին դիտավորյալ ուղարկել են օվկիանոս: Նման եզրակացության է հանգել ավիաաղետների հետաքննության առաջատար մասնագետներից մեկը` Լարրի Վենսը: Նրա խոսքով, ինքնաթիռի վերականգնված դետալների շնորհիվ  հայտնաբերված հետեւի թեւի եզրաշերտի  ժանգոտումն այն մասին է վկայում, որ ինքնաթիռի վայրէջքը վերահսկվել է, գրում է ավստրալական News պորտալը: 

Ավելին, այդ մասին են վկայում նաեւ անցյալ տարի Ռեունիոն կղզում հայտնաբերված ինքնաթիռի ֆլապերոնը, որը Ֆրանսիայում անալիզի է ենթարկվել: Չնայած Ֆրանսիան առայժմ չի ներկայացրել անալիզի արդյունքները, լուսանկարը վկայում է, որ ինքնաթիռի թեւի մի մասը շրջված է եղել վայրէջքի համար եւ քաշվել է ջրի ուժով: Այն չի ջարդվել, ինչը եւս այն  վարկածի օգտին է վկայում, որ վայրէջքը կառավարելի է եղել, նշել է Վենսը: 

Միաժամանակ Տրանսպորտի անվտանգության ավստրալական բյուրոյի (ՏԱԱԲ) ներկայացուցիչ Փիթեր Ֆոլին ընդունել է, որ Boeing-ը (MH370) գուցե աղետի է ենթարկվել օդաչուներից մեկի դիտավորյալ գործողությունների հետեւանքով: «Առկա է այն բանի հավանականությունը, որ ինչ-որ մեկը մինչեւ վերջ վերահսկողության տակ է պահել ինքնաթիռը եւ մենք այժմ ակտիվ փորձեր ենք ձեռնարկում դրա նյութական ապացույցներ հայտնաբերելու համար», — հայտնել է Ֆոլին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Մալայզիական ավիուղիների» Boeing 777-200 ինքնաթիռը իրականացնում էր MH370 չվերթը Կուալա-Լամպուրից Պեկին 2014-ի 7-ից 8-ի գիշերը: Թռիչքի սկզբից մոտավորապես երկու ժամ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է: Ինքնաթիռում 227 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 12 անդամ: Անցյալ տարվա հունվարին Մալայզիայի իշխանությունները խոստովանել են, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել եւ նրա բոլոր ուղեւորները զոհվել են: