Անցյալ տարի ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում 9 սեւամորթի սպանած սպիտակամորթ Դիլան Ռուֆի պաշտպանը պահանջում է, որպեսզի մեղադրյալի մահապատիժը մի քանի ժամկետով ցմահ ազատազրկմամբ փոխարինվի:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ պաշտպանությունը մտադիր է ապացուցել ընդհանրապես ԱՄՆ-ում մահապատժի գոյության հակասահմանադրականությունը: «Այս գործում փաստերը, անկասկած, խոսուն են: Բայց եթե, ինչպես մենք պնդում ենք, բարձրագույն պատժի մասին դաշնային օրենքը հակասահմանադրական է, ապա ոչ ոքի չի կարելի է մահապատժի դատապարտել, որքան էլ ծանր հանցագործություն կատարած լինի»,- նշվում է միջնորդությունում:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչը հայտարարել էր, որ իշխանությունները երիտասարդի համար մահվան դատավճռի են ձգտելու:

Չարլսթոնի եկեղեցում ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 17-ին: Ռուֆը եկեղեցի էր մտել եւ ատրճանակից կրակ արձակել երեք տղամարդու եւ վեց կանանց ուղղությամբ: Մարդասպանի դատավարությունը մեկնարկելու է նոյեմբերի 7-ին, երդվյալների ընտրությամբ: