Լոնդոնի Ռասել-Սքուեր հրապարակում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, որի հետեւանքով մեկ կին մահացել է, առնվազն եւս 5 մարդ վիրավորվել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին, հաղորդում է BBC-ն:

Հարձակման մասին ահազանգը ոստիկանությունն ստացել է օգոստոսի 3-ին տեղի ժամանակով 22.33-ին: Ոստիկանություն զանգահարողները հայտնել են, որ անհայտ տղամարդը դանակով հարձակվում է անցորդների վրա: Դեպքի վայրում ոստիկանությունը 6 վիրավորի է հայտնաբերել, որոնցից մեկը որոշ ժամանակ անց մահացել է:

Հարձակվողին ձերբակալելու համար ոստիկանությունն էլէկետրական շոկեր է օգտագործել:

Սքոթլենդ Յարդի ներկայացուցիչն ավելի ուշ հայտնել է, որ մահացածը 60-ամյա կին է, իսկ հարձակվողը 19-ամյա պատանի, նրա ինքնությունը դեռեւս չի բացահայտվում:

Ոստիկանության տվյալներով, հիմնական վարկածներից մեկը համարվում է ահաբեկչական գրոհը: Նախնական տեղեկություններով էական գործոն կարող է լինել հարձակվողի հոգեկան վիճակը: