Անգլիայի բանկը վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ նախնական տոկոսադրույքը 0,5 տոկոսից նվազեցրել է մինչեւ 0,25 տոկոս, փոխանցում է BBC-ն:

Կարգավորիչի գոյության ամբողջ ընթացքում տոկոսադրույքն այժմ գտնվում է պատմական նվազագույնի նիշին: Նախնական տոկոսադրույքի  նվազեցումը մտնում է միջոցառումների փաթեթի մեջ, որոնք պետք է օժանդակեն տնտեսության աճին եւ ինֆլյացիան պահեն մինչեւ 2 տոկոս մակարդակում. սա Անգլիայի բանկի նպատակային մակարդակն է: Հունիսին երկրում ինֆլյացիան կազմել է ընդամենը 0,5 տոկոս:

Անգլիայի բանկը նաեւ հայտարարել է պետական բաժնետոմսերի գնման ծրագրի ընդլայնման մասին՝ 60 մլրդ ֆունտով (համարյա ԱՄՆ 80 մլրդ դոլար): Այդ ծրագրի ընդհանուր ծավալը, այսպիսով, կկազմի 435 մլրդ ֆուրտ (համարյա 580 մլրդ դոլար):

Հայտարարության մեջ նաեւ նշված է բրիտանական ընկերությունների 10 մլրդ ֆունտի բաժնետոմսերի գնման ծրագրի մասին: Այս միջացառումը պետք է աջակցի բանկերին, որոնք տուժում են տոկոսադրույքի նվազման հետեւանքով: Արժեթղթերի գնումը կծածկվի Անգլիայի բանկի պաշարների հաշվին:

Տնտեսության խթանման ծրագրի ընդլայնումը կապված է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի հետեւանքների հետ, որի արդյունքներով երկրի բնակչության մեծամասնությունը քվեարկեց Brexit-ի օգտին: Դա հանգեցրեց ֆունտի արժեզրկման եւ տնտեսական աճի հեռանկարների վատացման: