Ղազախստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ Նազարբաեւը շեշտադրել է միջազգային կայունության ապահովման հարցերում համատեղ ջանքերի կարեւորությունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 2017-2018 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամակցության հարցում Ղազախստանի թեկնածությունը սատարելու համար:
«Գլոբալ մարտահրավերների եւ սպառնալիքների աճի ֆոնին Ղազախստանն ու Թուրքիան պատրաստ են մեկտեղել ջանքերը՝ համաշխարհային անվտանգություն եւ կայնություն ապահովելու համար: Ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում մեր երկրների համագործակցությունը հետեւողականորեն զարգանում է»,- ասել է Նազարբաեւը:




























