Պանչենկո ընտանիքը, որը հինգ զավակ ունի, այդ թվում եռյակ, պատրաստվում էր արձակուրդներին Թաիլանդ մեկնել: Սահմանի վրա երկու երեխաների հարցում խնդիր է ծագել՝ միգրացիոն ծառայությունները հայտարարել են, որ նրանց անձնագրերում նույն լուսանկարն է փակցված: Դրա պատճառով Յանին ու Մակարին թույլ չեն տվել երկրից դուրս գալ, ու ծով է մեկնել միայն նրանց եղբայրը, հայտնում է «ՆՏՎ» հեռուստաալիքը:
Տղաների պապիկը՝ Իգոր Սանդրագայլովը, որը մնացել էր նրանց հետ Մոսկվայում, պարզաբանել է, որ երկվորյակները արտասահմանյան անձնագրերը ստացել էին, երբ դեռ երկու ամսական էին: Եղբայրներին, որոնք հիմա էլ շատ նման են իրար, այն ժամանակ առհասարակ հնարավոր չէր տարբերել իրարից: Հավանաբար դա է եղել լուսանկարների շուրջ խառնաշփոթի պատճառը:
Անցած տարի երեխաները այդ նույն փաստաթղթերով Եգիպտոս էին մեկնել ու առանց որեւէ խնդիրների անցել էին հսկիչ անցագրային կետով, բայց այս անգամ աշխատակիցը չէր կարողացել տարբերել եղբայրների լուսանկարները:
Յանի ու Մակարի համար շտապ կարգով նոր անձնագրեր են ձեւակերպել: Որպեսզի յուրաքանչյուրը հենց իր դեմքով լուսանկարը ստանա, այս անգամ նրանց տարբեր հագուստով են լուսանկարել: Մեկ շաբաթ հետո երեխաները մեկնել են Թաիլանդ:





























