Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիստիան Լինդները հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների արձագանքը համեմատել է 1930-ականների Գերմանիայում նացիստների գործողությունների հետ: Այս մասին նա հայտարարել է Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ Reuters-ի՝ Լինդները նշել է, որ զուգահեռներ է տեսնում խռովությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների եւ 1933 թվականին Ռեյխսթագի հրդեհի հետեւանքների միջեւ, ինչից հետո նացիստներն ամրապնդեցին երկրում իշխանությունը՝ սահմանափակելով քաղաքացիական ազատությունները:

Կուսակցության ղեկավարը հավելել է, որ Էրդողանն «անմիջականորեն իր համար ավտորիտար ռեժիմ է կառուցում»: «Քանի որ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները (Թուրքիայում) դեր չեն խաղում, նա (Էրդողանը) չի կարող Եվրոպայի գործընկերը լինել»,- Քրիստիան Լինդների խոսքերն է մեջբերում Gazeta-ն: