«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բելգիայի Շառլեռուա քաղաքում ոստիկանության աշխատակցուհիների վրա հարձակման պատասխանատվությունը։ Նրանց հայտարարության մեջ ասված է, որ կանանց վրա հարձակված տղամարդը խմբավորման «զինվորն» է եղել։ ԻՊ–ի հետ կապված Amaq գործակալության տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ ի պատասխան Իրաքում եւ Սիրիայում ԻՊ օբյեկտները ռմբակոծող կոալիցիայի երկրների քաղաքացիների վրա հարձակվելու կոչերի, հայտնում է DW–ն։
Բելգիայի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել։ Հարձակվողը 33-ամյա ալժիրցի է եղել, որը Բելգիայում ապրում էր 2012–ից։ Նա ոստիկանությանը հայտնի էր ահաբեկչության հետ կապ չունեցող տարբեր հանցագործությունների պատճառով։
Հարձակումից հետո ոստիկանության աշխատակցուհիներից մեկին դեմքի վիրավորումով հիվանդանոց են տեղափոխել, իսկ երկրորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։





























