Բելգիական ոստիկանությունը կիրակի` օգոստոսի 7-ին` Լիեժում մարդու է ձերբակալել, որը փողոցում զբոսնում էր մաչետեով: Օրենքի պահապանները ահազանգող հեռախոսազանգով ձերբակալության են դուրս եկել վաղ առավոտյան եւ շրջապատել են տարածքը, որտեղ գտնվում էր կասկածելի տղամարդը: Իրավապահների տվյալների համաձայն, ձերբակալվածը թուրքական ծագում ունի: Նա նախկինում չէր հայտնվել ոստիկանության տեսադաշտում, հայտնում է DW-ն:
Բելգիայի ոստիկանական բաժանմունքներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են այն բանից հետո, երբ շաբաթ` օգոստոսի 6-ին Շառլռուայում 33-ամյա ալժիրցին մաչետեով հարձակվել է երկու կին ոստիկանի վրա` բղավելով «Ալլահ աքբար»: Հարձակվողին գնդակահարել է օրենքի մեկ այլ պահապան, որը մոտերքում է եղել: Իշխանությունները հարձակումն արդեն ահաբեկչական գործողություն են կոչել, դրա համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը:





























