Դանիացի բջջային հավելվածներ մշակողների խումբը Անգլիայում թողարկել է Too Good to Go հավելվածը, որը թույլ է տալիս պատվիրել ռեստորանների թափած սնունդը, փոխանցում է The Independent-ը:
Ծրագիրն արդեն գործում է բրիտանական մի շարք քաղաքներում, իսկ օգոստոսի վերջին կթողարկվի Լոնդոնում: Օգտատերերը կարող են ռեստորաններում պատվիրել արագ փչացող սնունդ, որը հաստատությունների տերերը պլանավորել են թափել: Այդ սնունդի գինը տատանվում է 3-ից 5 դոլարի սահմաններում:
Հեղինակներից մեկի խոսքով՝ հավելվածի մեջ արդեն ներառված է լոնդոնյան 100-ից ավելի ռեստորան, սակայն դրանց մեծամասնությունը փոքր հաստատություններ են:
Նախագծի կայքում ընդգծվում է, որ այն ուղղված է «սննդի, փողի եւ մոլորակի փրկությանը՝ սնունդն այն արժեքին վերադարձնելու միջոցով, որը նա կորցնում է աղբամանի մեջ հայտնվելով»:
Նրանք նաեւ հիշեցնում են, որ բրիտանական սուպերմարքեթներն ամեն տարի թափում են 360 մլն պատրաստի ուտեստ:




























