Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան օգոստոսի 8-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Նազարյանը նշեց, որ ավանդական բարեկամության եւ նույնական արժեքների վրա խարսխված հայ-հունական հարաբերություններն ամուր հիմք են ծառայում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին՝ հույս հայտնելով, որ նա իր մասնագիտական բարձր կարողություններով նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման գործընթացին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ տիկին Վրայլան վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման, հայ-հունական հագեցած օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջեւ միջազգային կառույցներում շարունակվող աջակցությունը, անդրադարձ կատարեցին հայ-հունական քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին:





























