Արգիշտի փողոցի բազմահարկը դեռ բնակեցված չի, բայց պատուհաններից արդեն ծաղկեփնջեր են թռչում, մտածում էի 10-րդ հարկ բարձրանալիս:
- Ձմերուկ կտրել գիտե՞ս,- առանց ավելորդ ձեւականությունների հարցնում է Գեորգին՝ միաժամանակ ամուրիի սառնարանից հանելով վիթխարի չափերի շերտավոր պտուղը:
- Արի փորձեմ: Իսկ ի՞նչ է գրված շապիկիդ:
- Ինչ տաս՝ քոնն է:
- Դա քո կյանքի սկզբո՞ւնքն է:
- Կարելի է այդպես էլ ասել: Դա Շոթա Ռուսթավելու «Ընձենավորից» է:
.jpg)
Գեորգի Կարդավան կամ ինչպես ինքը սիրում է, որ իրեն դիմեն՝ Գիոն, առաջին անգամ է Երեւանում: Հայաստանի մայրաքաղաքը, ասում է նա, հյուրերին ջերմ է ընդունում, բայց կյանքն այստեղ ալարկոտ է եւ անշտապ: Ոչ թե՝ ինչպես Մոսկվայում, որտեղ 2009-ից հաստատվել եւ լուսանկարիչ է աշխատում:
Ինչպե՞ս ես քեզ զգում այսօրվա աշխարհում։ Ամենուր սելֆի, բելֆի, պատերազմներ, ահաբեկչություններ, փախստականներ։ Ինչպե՞ս ես այդ ամենը մարսում։
Տարբեր կերպ։ Կախված է նրանից՝ քունս առել ե՞մ, թե՞ ոչ (ծիծաղում է)։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա այն ամենն, ինչ աշխարհում կատարվում է, ինքնըստինքյան չի կատարվում, դա հավաքական մտքի եւ հավաքական գործունեության արդյունք է։ Ես՝ որպես այդ հավաքական մտքի մի մասնիկ, նույնպես պատասխանատվություն եմ կրում կատարվածի համար եւ հուսով եմ, որ դրական ավանդ ունեմ։
Հանրահավաքների կամ ակցիաների մասնակցու՞մ ես։
Ոչ։ Ես հեռու եմ նման բաներից։ Ես փորձում եմ ինչ–որ բան փոխել ոչ թե ագրեսիվ, այլ ստեղծագործ մոտեցմամբ։
Խոսենք քո մասնագիտության առումով համաշխարհային գործընթացներից։ Ենթադրենք, քեզ առաջարկում են մեկնել որեւէ թեժ կետ եւ ֆոտոռեպորտաժ պատրաստել։ Քո պատասխանը՞։
Դա շատ հետաքրքիր կլիներ, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ։ Առաջին հերթին սեփական մարմնի հանդեպ վախի պատճառով։
Վախենու՞մ ես ֆիզիկական խեղումներից։
Այո։ Ավելին՝ ես անվաչմուշկ, սքեյբորդ եւ չմուշկ չեմ քշում։ Ձեռքերը, մատերը, աչքերը իմ աշխատանքի գլխավոր գործիքն են։

Տարբեր հարցազրույցներում դու պարբերաբար անդրադառնում ես ֆուտբոլի թեմային։ Այնպիսի տպավորություն է, որ եթե դու լուսանկարիչ չդառնայիր, ֆուտբոլիստի կարիերան կընտրեիր։ Այդպե՞ս է։
Ես ֆուտբոլիստ դառնալու փորձ կատարել եմ, բայց չի ստացվել առողջության պատճառով։ Փխրուն կազմվածքը լավ նախադրյալ չէ դրանով պրոֆեսիոնալ զբաղվելու համար։ Այնպես որ ինձնից ֆուտբոլիստ չստացվեց, բայց ծնվեց երազանք ստեղծել ֆուտբոլի ակադեմիա Վրաստանում։ Բայց դա մոտակա մի քանի տարիների գործ չէ։
Երբեւէ նկարե՞լ ես հայտնի ֆուտբոլիստների։
Այո, ընդ որում, դա 2011–ին էր՝ լուսանկարչությամբ լրջորեն զբաղվելուց 8 տարի առաջ։ Ինձ բախտ էր վիճակված լուսանկարել Զինեդին Զիդանին։
Հիշու՞մ ես՝ ինչպես արեցիր այդ կադրը։
Ես հորս հետ գնացել էի հյուրանոց ինքնագիր վերցնելու եւ հետ ֆոտոխցիկ էի տարել։

Զինեդին Զիդան
Քո սիրելի ֆուտբոլիստը...
Չկա։ Ես երկրպագում եմ ընկերներին։ Ես չեմ հասկանում, երբ երկրպագում են արտասահմանցի աստղերին։ Ես երկրպագում եմ նրանց, ովքեր ինձ հոգեպես մոտ են, հարազատներիս, ընկերներիս։
Անկախ ազգությունի՞ց...
Բացառապես։ Իմ մի ընկերը աբխազ է, մեկը՝ հայ, մյուսը՝ ռուս։
Դու ազգությամբ վրացի ես, ճի՞շտ է։
Այո։
Դա ինչ–որ կերպ պարտավորեցնու՞մ է։
Ի՞նչ նկատի ունեք։
Հաճախ փոքր ժողովուրդներն իրենց հայրենիքին պարտական են զգում։ Դու նման մտքեր ունե՞ս։
Ես չեմ զգում, որ ես ինչ–որ բան եմ պարտք ազգային պատկանելիության առումով։ Ես պարտավոր եմ որպես մարդ, քանի որ սոցիումի մի մաս եմ։ Իսկ որպես ազգի ներկայացուցիչ՝ ոչ։
Կարելի՞ է ասել, որ քո ներսում դու ինքդ կոսմոպոլիտ ես։
Կոսմոպոլիտ... (մտածում է)... վրացական արմատներով։
Ես տեսել եմ քո աշխատանքները։ Ասա, խնդրում եմ, դու սիրում ես լուսանկարել միայն գեղեցի՞կ բաներ։
Ես նման նպատակ չեմ հետապնդում։ Ես կարծում եմ, որ գեղեցկություն կա ամեն ինչում, անգամ տգեղության մեջ։ Մեկ տարի առաջ ես ընկերոջս հետ ֆոտոնախագիծ էի պատրաստում. մենք Մոսկվայում անօթեւանների էինք նկարում։ Դրա համար մեկ ամիս անհրաժեշտ եղավ։ Շրջում էինք կայարաններով, ամայի տեղերով, շփվում մարդկանց հետ, լուսանկարում նրանց, տեսագրում։
Դուք երեխաների լուսանկարե՞լ եք։
Ոչ։
Ի սկզբանե որոշել եք, որ նրանք կադրում չե՞ն հայտնվելու։
Մենք պարզապես նրանց չհանդիպեցինք։
Կարո՞ղ ես մարդուն նայելով որոշել՝ նա ֆոտոգենի՞կ է, թե՞ ոչ։
Մինչեւ հիմա վստահ չեմ, որ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «ֆոտոգենիկությունն» է։ Կա կոնկրետ պահ, երբ մարդն իրեն հարմարավետ չի զգում, ինչի պատճատով դուրս են հորդում նրա բոլոր բարդույթները, իսկ հետո դրանք հայտնվում են կադրում։
Դու շատ հայտնի մարդկանց են նկարել, այդ թվում՝ արտասահմանցի։ Ի՞նչն է տպավորվել նրանց հետ հանդիպումներից։
Այդ մարդկանց պարզությունը։ Նրանք չունեն սեփական նշանակության եւ հզորության զգացողությունը, որը բնորոշ է որոշ ռուսաստանցի աստղերի։

Ռոբերտ Դե Նիրո

Միխայիլ Գորբաչով

Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Շնուր
Ի՞նչն է քեզ ֆիզիկականին մոտ ցավ պատճառում։
Կեղծիքը։ Աշխատանքի բնույթով ես շփվում եմ շատ մարդկանց հետ, եւ նրանցից շատերը այն չեն, ում փոխարեն փորձում են ներկայանալ։ Դա անտանելի տհաճ է։
Ինչի՞ դեմ ես պայքարում։
Իմ մտքերի։ Դրանք շատ են, դրանք ծագում են շատ անհարմար պահերի, եւ ստիպված եմ դրանց հետ լեզու գտնել։ Հուսամ, մի օր մենք կընկերանանք։
Ինքդ քեզ հարցեր տալի՞ս ես։
Միշտ։ Ես անընդհատ ինքնավերլուծությամբ եմ զբաղվում։
Ո՞ր հարցի պատասխանը դու դեռ չես ստացել։
Գարնանը հայրս մահացավ։ Մի մարդ, որով ես միշտ հիացել եմ։ Թաղմանը շատ մարդիկ էին եկել, նրանցից շատերին ես գիտեի մանկությունից եւ տեսել էի այն շվայտ կյանքը, որով նրանք ապրում էին։ Ես նայում էի նրանց, հետո հորս եւ չէի կարողանում հասկանալ՝ ինչու՞։









































