Տորոնտոյի գիտնականների կարծիքով՝ աջլիկների եւ ձախլիկների «լավի» ու «վատի» ընկալումը տարբերվում է: Vistanews-ի փոխանցմամբ՝ այս առանձնահատկությունն ուղեղի տարբեր հատվածների գերակայման հետեւանք է:
Այդ երեւույթն առավելապես երեւան է գալիս «գերակայող ձեռքի» կանոնի համաձայն: Այն սահմանում է, որ մարդը լավ է համարում այն, ինչը գտնվում է իր «առաջատար» ձեռքի կողմում, իսկ վատ այն ամենն, ինչը գտնվում է հակադիր կողմում:
Օրինակ՝ եթե աջլիկը պետք է ընտրություն կատարի իրար բացարձակ նման երկու իրերից, անպայման որոշում կընդունի աջ կողմինի օգտին, իսկ ձախլիկն ամեն ինչ հակառակը կանի: Սակայն այս երեւույթը միայն միանման իրերին չի վերաբերում, այլ նաեւ նրանց, որոնք իրարից զգալիորեն տարբերվում են: Օրինակ՝ ձախլիկը հակված է ձախ կողմում գտնվող մարդուն աջ կողմում գտնվողից ավելի հուսալի համարել: Համանման իրավիճակ է նաեւ աջլիկի մոտ:
Այդուհանդերձ, գիտնականները պնդում են, որ այսպիսի երեւույթը մշտական չէ եւ առանձնապես դժվար չէ այն փոխելը: Բավական է աջլիկին ստիպել ինչ-որ ժամանակ աշխատել ձախ ձեռքով՝ չօգտագործելով «հիմնական» ձեռքը: 10-15 րոպե հետո նա իրերին կսկսի վերաբերվել ինչպես լիարժեք ձախլիկը: Նույնը վերաբերում է ձախլիկներին, երբ նա իր ձախ ձեռքքը լիարժեք օգտագործելու հնարավորություն չունի:





























