Լուսանկարները, որոնք այս կամ այն օգտատերը տեղադրում է Instagram-ի իր էջում, կարող են բացահայտել կլինիկական դեպրեսիան: Այսպիսի բավական արտասովոր եղանակ են ներկայացրել Հարվարդի եւ Վերմոնթի համալսարանների գիտնականները:

Հետազոտողների փոխանցմամբ՝ դեպրեսիայի մասին կարող է վկայել ոչ միայն ինքնին լուսանկարը, այլեւ դրա համար ընտրված ֆիլտրերը, որոնք լուսանկարչության սիրահարներին օգնում են փոխել իրենց պատկերի գունային գամման՝ դրան հաղորդելով այս կամ այն տրամադրությունը:

Իրենց հետազոտությամբ մասնագետները որոշել են ստուգել՝ կարելի՞ է ֆիլտրերի տվյալներով պատկերացում կազմել օգտատիրոջ հոգեկան առողջության մասին, եւ հանգել են այն եզրակացության, որ դա ամենայն հավանականությամբ իսկապես հնարավոր է: Այս մասին գրում է Մոսկովսկի կոմսոմոլեցը:

Նրանք հատուկ ալգորիթմ են ստեղծել, որը թույլ է տվել վերլուծել, թե ինչ գույներով է արված այս կամ այն լուսանկարը, նաեւ կադրի մեջ հայտնված մարդկանց դեմքի առանձնահատկությունները եւ մի շարք այլ մանրամասներ: Այդ տվյալների հիման վրա ծրագիրը որոշել է՝ տառապո՞ւմ է այս կամ այն մարդը դեպրեսիայով: Վերլուծելով 166 օգտատերերի տեղադրած 44 հազար լուսանկարներ՝ ալգորիթմը կարողացել է 70 տոկոս դեպքերում ճշմարտությանը համապատասխանող պատասխաններ տալ, ինչը, հետազոտողների կարծիքով, վատ արդյունք չէ:

Կլինիկական դեպրեսիայի առավել հավաստի նշաններն էին կապտա-մոխրագույն եւ սեւ-սպիտակ ֆիլտրերը: Սակայն գիտնականները կոչ են անում չգերագնահատել ո՛չ իրենց ստեղծած ալգոիթմը, ո՛չ դրա օգնությամբ հայտնաբերված միտումները: Նրանք նշում են, որ ընթացիկ փուլում իրենց մեթոդը նախատեսված չէ կլինիկական պրակտիկայում կիրառելու համար: Սակայն միանգամայն հնարավոր է այն օգտագործել վաղ փուլում առաջացող պոտենցիալ դեպրեսիան հայտնաբերելու եւ ժամանակին ավելի մշակված մթոդներով այն ախտորոշելու համար: