Ծխելուց հրաժարվելու հետեւանքով նախկին ծխողը կարող է կտրուկ գիրանալ,քանի որ նիկոտինն ու մյուս նյութերը, որոնք պարունակվում են ծխախոտի ծխի մեջ, ճնշում են ախորժակի համար պատասխանատու հորմոնը: Եվրոպական շնչառական միության ամենամյա համագումարի ժամանակ համապատասխան հայտարարություն են արել հույն գիտնականները, հայտնում է Informing–ը:

«Մեր իրականացրած փոքր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը շատ ավելի ուժեղ է ազդում մարդու օրգանիզմի էներգետիկ բալանսի վրա, քան ընդունված է համարել: Մասնավորապես այն առաջացնում է գրելինի մակարդակի փոփոխություն՝ հորմոն, որը պատասխանատու է ախորժակի համար»,- հայտնել է Կոնստանտին Զախարին Աթենքի համալսարանից: Չնայած, գիտնականները նշում են,որ ծխելուց հրաժարվելու հորմոնալ էֆֆեկտներն այդքան սարսափելի չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից: Ծխելուց հրաժարվելուց հետո նախկին ծխողները հինգ տարում միջինը 5-10 կգ-ով են գիրանում: Դա այդքան էլ շատ չէ, սակայն դրանից վախենալով՝ շատերը, մանավանդ կանայք, նույնիսկ չեն փորձում հրաժարվել ծխելուց, որպեսզի հանկարծ չգիրանան: Հետագա հետազոտությունների ընթացքում Զախարին իր գործընկերների հետ միասին մտադիր է ավելի լավ ուսումնասիրել ծխախոտի ծխի ազդեցությունը գրելինի սինթեզի վրա: Գիտնականները համարում են, որ ստանալով այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է ծխելուց հրաժարվելիս կանխել այդ հորմոնի մակարդակի բարձրացումը, նրանք կկարողանան օգնել մարդկանց հնարավորինս անհետեւանք հրաժարվել ծխելուց:

Եթե մասնագետներին հաջողվի լուծել այդ խնդիրը՝ ծխողները այլեւս չեն կարողանա գիրանալու սպառնալիքով արդարացնել այդ վնասակար սովորության դեմ չպայքարելը: