Ֆրանսիայում 113 տարեկանում վախճանվել է երկրի ամենատարեց բնակչուհին՝ Էլիզաբեթ Կոլլոն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Figaro պարբերականը:

Էլիզաբեթ Կոլլոն ծնվել է 1903 թվականի հունիսի 21-ին, իսկ ամենատարեց ֆրանսուհին է դարձել այս տարվա հուլիսին, Ֆրանսիական Գվինեայի 114-ամյա բնակչուհի Էդոքսի Բաբուլի մահից հետո:

Երկարակյաց ֆրանսուհու կրտսեր երեխան՝ Մարիա-Թերեզան, 72 տարեկան է: Կոլլոն 6 երեխա է ունեցել, որոնք նրան պարգեւել են 11 թոռ, 24 ծոռ եւ 5 թոռան ծոռ:

Ֆրանսիայում ամենաերկարակյաց կանանց շրջանում ռեկորդակիր է մնում Ժաննա Կալմանը, որը ծնվել է 1875 թվականի փետրվարի 21-ին եւ ապրել 122 տարի ու 164 օր: Նա նաեւ աշխարհում երբեւէ բնակված ամենատարեց կինն է համարվում: