Կանայք տղամարդկանց նման պարբերաբար աշխատավարձի բարձրացում են խնդրում, բայց նրանք հավելավճար ստանալու՝ 25%-ով ավելի պակաս հնարավորություն ունեն: Ըստ RNS-ի՝ նման եզրահանգման են եկել Ուորիքի համալսարանի մասնագետները:

Գիտնականներն օգտագործել են Australian Workplace Relations Survey-ի (AWRS)՝ աշխատանքային հարաբերությունների մասին 2013-2014 թվականների տվյալները: Մասնագետներն ավելի քան 800 գործատուի մոտ աշխատող 4600 տղամարդկանց եւ կանանց տվյալներ են ուսումնասիրել: Համեմատել են ոչ միայն նրանց աշխատավարձերը, այլեւ կազմակերպության չափը, աշխատողների որակավորումը, նրանց ընտանիքներում երեխաների առկայությունը:

Արդյունքում պարզվել է, որ կանայք աշխատավարձի բարձրացման՝ 25%-ով ավելի քիչ հնարավորություն ունեն, քան տղամարդիկ: Գիտնականները նաեւ պարզել են, որ երիտասարդ կանայք ավելի հաջողակ են աշխատավարձի բարձրացման մասին բանակցություններում, քան նրանց ավելի տարեց գործընկերուհիները: