Ամերիկուհին դատական հայց է ներկայացրել վիբրատորներ արտադրող կանադական Standard Innovation ընկերության դեմ, որն իր սարքերի օգնությամբ հետեւում է հաճախորդների ինտիմ կյանքին: Այս մասին գրում է Informing-ը:
Ըստ Mashable-ի՝ Չիկագոյի բնակչուհին որոշել է սեքս-խաղալիքներ արտադրող ընկերությանը դատի տալ We-Vibe սարքի համար: Այն աշխատում է Bluetooth-ով՝ սմարթֆոնի We-Connect հավելվածի օգնությամբ, այդ պատճառով ինչպես արտադրողը, այնպես էլ չարագործները ցանկացած պահի կարող են միանալ սարքին եւ վերահսկել դրա աշխատանքը:
Անցյալ ամիս նորզելանդացի հաքերները ցուցադրեցին սարքն օգտագործելու հնարավորությունները՝ կանադական ընկերությանն օգտագործման ժամանակ սարքի տատանումների հաճախականության մասին տվյալներ ուղարկելով: Ի պատասխան՝ Standard Innovation-ի նախագահը հայտարարեց, որ սարքն օգտատերերի ակտիվությունն արձանագրում է բացառապես «ախտորոշման նպատակներով»:
Իմանալով այդ մասին՝ We-Vibe-ն օգտագործողները ցնցված էին: Ընկերությանը դատի տված ամերիկուհին կարծում է, որ Standard Innovation-ն ապօրինաբար հավաքում եւ պահպանում է սեքս-խաղալիքի օգտատերերի ինտիմ կյանքի մասին տեղեկությունները՝ այդ մասին տեղյակ չպահելով օգտատերերին:
Կանադական ընկերության ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել հայցը:




























