Ճապոնացի գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում թեյի օգտագործումն օգնում է մղձավանջներից ձերբազատվելուն: Դա գիտականորեն պատճառաբանվում է թեյում քիմիական ակտիվ նյութերի առկայությամբ (հատկապես տանին ամինաթթվի), որոնք վերացնում են սթրեսը եւ թուլացնում գլխուղեղի բացասական էլեկտրական ակտիվությունը: Այս մասին հայտնում է ՄԻՌ24-ը:

Պարզելու համար, թե թեյն ինչպես է ներգործում մարդու վրա, մասնագետները մի քանի փորձ են կատարել: Նրանց հաշվետվություններում նշվում է, որ  օրական գոնե մեկ գավաթ թեյ խմող մարդիկ ավելի հանգիստ են քնում: Այդպիսի մարդիկ չափազանց հազվադեպ են մղձավանջային երազներ տեսնում, իսկ երբեմն դրանք նրանց ընդհանրապես չեն անհանգստացնում՝ ի տարբերություն թեյ չխմող մարդկանց: Գիտնականների տվյալներով՝ թեյի մեջ պարունակվող տանինը «քնեցնում» է գլխուղեղի ներվաբջիջները՝ այդպիսով նվազեցնելով վատ երազների առաջացման հավանականությունը: Մեր ուղեղն այդ նյութի շնորհիվ բարեհաճ մտքերին ավելի է հակված:

Այս կապակցությամբ հետազոտողները խորհուրդ են տալիս ավելի շատ թեյ խմել մղձավանջներից ձերբազատվելու համար: Օրվա մեջ թեկուզ մեկ գավաթ թեյ խմելով՝ հնարավոր է 50 տոկոսով նվազեցնել տհաճ երազների առաջացման հավանականությունը: Գիտնականները նաեւ նշում են, որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք 80 տոկոսով ավելի հաճախ են սարսափելի երազներ տեսնում: Դա պայմանավորված է կանանց հոգեկան կառուցվածքի փխրունությամբ: