Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արդվինի Խոփայում ծնված համշենահայ գրող, հետազոտող Հուրիյե Շահինը բոլոր համշենցիներին կոչ է անում առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լավ պատրաստված եւ համապարփակ համշենցիների կոնֆերանս կազմակերպել եւ բացահայտ կերպով քննարկել բոլոր խնդիրները: Այս մասին գրել է Akunq.net–ը։
Հետազոտող, գրող եւ ակտիվիստ Հուրիյե Շահինը, ով իրեն բնութագրում է որպես «համշենցի հայ», ծնվել է Արդվինի Խոփայում: Շահինի հեղինակած «Ինչպե՞ս է ուծացման քաղաքականությունը վերացնում լեզուները. ի մասնավորի հայոց պատմությունը եւ Համշենի հայերը» վերնագրով գիրքը հրատարակվել է «Յորդամ» հրատարակչության կողմից: Հուրիյե Շահինի հետ զրուցեցինք պատմության ընթացքում Համշենի եւ համշենահայության գլխին եկածների, ինչպես նաեւ գրքի գլխավոր թեմա հանդիսացած մայրենի լեզվի մասին:
Հուրիյե Շահինը նախ խոսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անվանումը հայկական «Համշենն» է, եւ որն ուծացման քաղաքականության հետեւանքով վերածվել է «Հեմշինի»՝ «Ներկայիս Ռիզեն, Հեմշինը, Չամլըհեմշինը եւ Փազարն իրականում Համշենի շրջաններն են: Սակայն համշենցիները չեն ապրել միայն այս աշխարհագրական սահմաններում: Համշենցիները բնակվում էին նաեւ Արդվինի Խոփա եւ Բորչկա գավառներում: Դարեր շարունակ ուծացման եւ ճնշման քաղաքականության հետեւանքով համշենցիները սփռվել են Թուրքիայի չորս կողմերով մեկ»:
Աշխարհասփյուռ համշենցիներ
Շահինը նշում է, որ Թուրքիայից դուրս՝ մասնավորապես Ռուսաստանում, համշենցիները հայտնվել են 1700-ական թթ. Արեւելյան Սեւ ծովի ժողովուրդների օսմանյան բռնի իսլամացման քաղաքականության շրջամակներում տեղի ունեցած կոտորածներից խուսափելու պատճառով. «Նրանց մի մասն էլ հաստատվել է Հայաստանում: Եվ դեռեւս այնտեղ է բնակվում: Վրաստանի Բաթում քաղաքում եւս կային իսլամացած համշենցիների 5 գյուղեր, որոնց բնակչությունը Ստալինի օրոք աքսորվեց Ղազախստան: Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք թեեւ ցանկացել են վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն այս անգամ էլ վրացիները թույլ չեն տվել: Հետեւաբար խոսքը գնում է աշխարհասփյուռ համշենցիների մասին»:
Շահինը հրապարակում է նաեւ համշեներեն եւ թուրքերեն «Համշենցու գոր» ամսագիրը, որտեղ անդրադառնում է Համշենի կյանքին, մշակույթին, կրոնին, լեզվին, անցյալում ստեղծված գրական արժեքներին՝ հեքիաթներ, ժողովրդական խաղիկներ՝ թյուրքյուներ: Շահինը հայտնում է, որ գիրքը լույս է ընծայել, որպեսզի կարողանա ուշադրություն հրավիրել այն թեմայի վրա, թե ուծացման քաղաքականությունն ինչպիսի ազդեցություն է ունենում լեզվի վրա:
«Թուրքերը եւս ուծացման են ենթարկվում»
Գրքում Շահինն անցում է կատարում ընդհանուրից մասնավորի՝ սկսելով ձուլման քաղաքականությունից, եւ հասնում է համշենահայերի ուծացմանը. «Գրքի նախաբանը նվիրված է մարդու ձեւավորման գործընթացին: Լեզուներն ինչպե՞ս են ստեղծվել: Մարդկանց աշխատանքի զարգացմանը զուգահեռ առաջացել է նրանց կրոնը: Ինչպե՞ս է քրիստոնեությամբ եւ իսլամով սկսվել մարդկանց ուծացման գործընթացը: Հատկապես գրել եմ, թե օսմանցիներն ինչպես են թուրքերի նկատմամբ ուծացման քաղաքականություն վարել, քանի որ թուրքերի ուծացումը դեռեւս շարունակվում է: Որեւէ մեկն այս հարցը չի ուսումնասիրում, չի նկատում: Անդրադարձել եմ նաեւ, թե ինչպես են ալեւիներին ձուլում սուննիներին»:
Ոչ թե կրոն, այլ` լեզու
Անդրադառնալով նաեւ «իսլամացված հայերի» թեմային՝ Շահինը նշում է. «Աշխարհում կան նաեւ այլ հանրություններ, որոնք միավորված են ոչ թե կրոնական, այլ` լեզվական գործոնի շուրջ: Կրոնը չպետք է խառնել էթնիկ ծագման հետ: «Մուսուլման հայ չի կարող լինել» պնդումը ճիշտ եւ գիտական մոտեցում չէ: Մենք պարտավոր ենք այս ոչ շահավետ դրությունը հաղթահարել: Պետք է, որպես հայեր եւ համշենցիներ, առաջնային պլան մղենք ոչ թե մեր կրոնը, այլ` լեզուն»:
Հուրիյե Շահինը շեշտեց, որ շատ կարեւոր է՝ «առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լավ պատրաստված եւ համապարփակ համշենցիների կոնֆերանս կազմակերպել եւ բացահայտ կերպով քննարկել այս բոլոր խնդիրները»:




























