30-69 տարեկան ֆրանսիացիների կեսից ավելին տառապում է ավելորդ քաշից։ Ընդ որում նրանց 15 տոկոսի մոտ ճարպակալում է նկատվում։ Այս մասին են վկայում Inserm ֆրանսիական ինստիտուտի ու պետական բժշկական ապահովագրման հիմնադրամի համատեղ հետազոտության արդյունքները։ Ճարպակալումը մնում է Ֆրանսիայի հասարակական առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը, նշում է Le Monde պարբերականը։

Հետազոտությունը անցկացվել է 2013-ին։ Դրան մասնակցել է 30-69 տարեկան 29 հազար մարդ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ տղամարդկանց 56․8 տոկոսը ու կանանց 40․9 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, հայտնում է RFI–ն։

Գիտնականները նաեւ նշում են, որ այդ տարիքում տարածված է որովայնային ճարպակալումը։ Դրանից Ֆրանսիայում տառապում է տղամարդկանց 41․6 տոկոսը ու կանանց 48․5 տոկոսը։ AFP-ը շեշտում է , որ որովայնային ճարպակալման առկայությունը հաճախ առողջության համար ռիսկերի հնարավոր ցուցիչ է։ Հետազոտողների տվյալներով , ճարպակալումը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի , նաեւ քաղցկեղի որոշ տեսակների զարգացմանը։

Ֆրանսիացի հետազոտողները միաժամանակ պարզել են, որ կա կապ ճարպակալման ու եկամուտների ցածր մակարդակի միջեւ ՝ գերազանցաբար կանանց շրջանում։