«Սասնա ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի միավորման մշակույթի տանը կկազմակերպի համերգ, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Սասնա ծռեր» խմբի բանտարկված անդամների անապահով ընտանիքներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը («Սասնա ծռերից» Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը):
Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի նաեւ Եղիշե Պետրոսյանի հեղինակած երգը՝ նվիրված ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանին: Համերգին կմասնակցեն նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» անսամբլը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանի խոսքով, ներկայումս հիմնադրամի հաշվին այնքան գումար է (5500 դոլար), որ կբավականացնի միայն հարկային պարտավորությունների կատարմանը, մինչդեռ հիմնադրամը սկսել է նաեւ աջակցել խմբի այն անդամներին, որոնց դատարանը գրավի դիմաց որոշում է կայացրել ազատ արձակել. ընտանիքները նշանակված 1 մլն դրամ գրավը ի վիճակի չեն վճարել:
Մինչ օրս հիմնադրամի միջոցով բաց է թողնվել խմբի անդամներից Մարտին Վարդանյանը: Դատարանը որոշում է կայացրել նաեւ գրավի դիմաց ազատ արձակել Սարո Այվազյանին, որը «Սասնա ծռերին» կատարած մեկ հեռախոսազանգի համար մեղադրվում էր խմբին աջակցելու մեջ:
«Պետության նշանակած գրավի չափն այնքան է, որ մեր մի քանի ամսվա հավաքածը միանգամից ի չիք են դարձնում»,- ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:
Նա առաջարկեց ակցիա կազմակերպել՝ յուրաքանչյուրը նվիրաբերի 100-ական դրամ, ինչը մեծ աջակցություն կլինի. «Եթե այսօր մենք անուշադիր ենք որեւէ անմեղ մարդու նկատմամբ, վաղը մեզ հետ ինչ ասես կարող է պատահել եւ նույնը կլինի մեր նկատմամբ»:
Եղիշե Պետրոսյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից 66-ը դեռ գտնվում են անազատության մեջ:
«Ամերիաբանկում» բացված հաշվեհամարը՝
AMD 15700 24450290100
USD 15700 24450290101
EUR 15700 24450290146
RUB 15700 24450290158




























