ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հակավարկանիշն ավելի է բարձրացել, քան հանրապետական Դոնալդ Թրամփինը։ Այս մասին են վկայում ABC հեռուստաալիքի ու Washington Post թերթի ներկայացրած հարցման տվյալները։

Հայտնում են, որ Քլինթոնի թեկնածությանը բացասաբար է վերաբերվում հարցման մասնակիցների 60 տոկոսը, իսկ Թրամփի թեկնածությանը՝ 58 տոկոսը։ Նրանցից 49 տոկոսը դեմոկրատի թեկնածությունը բնութագրում է որպես «շատ անբարենպաստ», իսկ հանրապետականին նման բնութագիր է տվել 48 տոկոսը։

Ընդ որում Քլինթոնը չի գոհացնում Թրամփի կողմնակիցների 97 տոկոսին, իսկ Քլինթոնի կողմնակիցների 95 տոկոսն է բացասաբար վերաբերվում Թրամփին։

Ըստ հարցման՝ ընտրությունների ընթացքում Քլինթոնին կաջակցեր հարցման մասնակիցների 46 տոկոսը, իսկ Թրամփին ՝ 45 տոկոսը։

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 26-29-ը ՝ 1165 հավանական ընտրողների շրջանում ՝ անգլերեն ու իսպաներեն։

Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին կոնգրեսին հայտնել էր նոր էլեկտրոնային նամակների գոյության մասին, որոնք վերաբերում ե Քլինթոնի դեմ արդեն փակված գործին, ինչի կապակցությամբ ստիպված են լինելու նոր քննչական գործողություններ սկսել։ Բյուրոյի ղեկավարը իր հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, ինչը ազդել է նախկին պետքարտուղարի վարկանիշի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։