Կուսակցությունների մասին օրենքն ավելի կարեւոր է, քան Ընտրական օրենսգիրքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Մեդիա» մամուլի կենտրոնում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Կուսակցությունների մասին օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին։
«Կուսակցությունների մասին օրենքը արդեն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված։ Իմ մոտեցումը հետեւյալն է, որ այս օրենքն ավելի կարեւոր է, քան Ընտրական օրենսգիրքը։ Որովհետեւ մենք կենտրոնանում ենք այն հարցի վրա, թե ինչպես ընտրենք, բայց չենք մտածում՝ ում ենք ընտրելու։ Առավել եւս նոր Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունը անցնում է կուսակցություններին եւ այն հարցը, թե ինչ են իրենցից ներկայացնելու այդ կուսակցությունները, հարցը պայմանավորվում է այս օրենքով։ Խնդիրն այն չէ, թե ինչ է գրված այս օրենքում, այլ այն է՝ ինչը գրված չէ»,-ասել է Ստեփան Դանիելյանը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում չափազանց լուրջ կարգավորումներ են սահմանված, որ հենց այդ կուսակցությունները լինեն ժողովրդավարական կառույցներ եւ մասնավորապես ընտրական ցուցակների կազմավորման հարցում կուսակցական բյուրոկրատիայի դերը նվազի։
«Մեր երկրում մեկ հոգին կարող է կուսակցության ցուցակը գրել։ Օրինակ, մամուլում նյութեր են լցված, որ Հանրապետական կուսակցությունը, որը բաղկացած է մի քանի տասնյակ հազար անդամից, սրտատրոփ սպասում են՝ ոնց է գրում ցուցակները Սերժ Սարգսյանը։ Անցած ընտրություններին ունեցանք օրինակներ, որ նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներն են տանում համաձայնեցնում Սեւրժ Սարգսյանի հետ։ Հիմա հարց է ծագում, եթե ենթադրենք մենք ունենք արդար ընտրություններ, ապա ում ենք ընտրելու։ Շատ կարեւոր հարցեր, մեխանիզմներ, մենք կփորձենք քննարկել եւ առաջարկություններ կանենք, որ մի շարք պարտադիր ավելացումներ արվեն այս օրենքում։ Եթե չարվի, ընդհանրապես ընտրություններին գնալն անիմաստ գործ է»։




























