Ծննդկան Մերի Մարգարյանը հուլիսի 27-ին ունեցել է 38,5 ջերմություն եւ հաճախասրտություն, որը վերագրվել է բարձր ջերմությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց»Շենգավիթ»բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանը:

Ըստ Ամրոյանի` իրենք Մերի Մարգարյանին իրենց բաժանմունք են տեղափոխել ժամը 12:00-ի սահմաններում, այնուհետեւ նեղ մասնագետներ են հրավիրվել, կոնսուլտացիաներ են եղել: Մեղադրող դատախազի հարցին` կեսարյան հատման ցուցում եղել է կամ քննարկվել է կեսարյան հատման հարց, բաժանմունքի վարիչը պատասխանեց.»Իմ կարծիքով, ցուցում չկար, սակայն երբ արդեն Աշոտ Սիրունյանը ինձ հարցրեց` եթե արյան շեղում ախտորոշվի, կարող ենք կեսարյան հատում անել, ես էլ ասել եմ, որ մենք համապատասխան մասնագետները, սարքավորումները չունենք եւ լավ կլինի, որ տեղափոխվի բազմապրոֆիլային հիվանդանոց»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին` ինչ պարտականություն ունի ինքը, Աշոտ Ամրոյանը նշեց, որ չգիտի, եթե իմանար` նման հարց է հնչելու, տանը կպատրաստվեր: Բաժանմունքի վարիչը նշեց նաեւ, որ ինքը Մերի Մարգարյանի նախապատմությանը ծանոթացել է այնքանով, ինչքանով որ իրեն ներկայացրել է Շուշանիկ Բախշյանը: Ի դեպ, երբ կրկին Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց` ցուցում չկար կեսարյան հատում անելու, բժիշկն այս անգամ արդեն պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել նեղ մասնագետին, իսկ ինքն ու Սիրունյանը որոշել են, որ ավելի նպատակահարմար կլինի Մերի Մարգարյանին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխել: Հարցին` կոնսիլիում հրավիրվել է, Աշոտ Ամրոյանը նշեց, որ իր հիշելով` հրավիրվել է ներքին կոնսիլիում, որին իրենից, Սիրունյանից եւ Բախշյանից բացի մասնակցել է նաեւ Դավիթ Մխիթարյանը, որն իրենց կազմակերպիչն է: Նշենք, որ Մխիթարյանը ԲԿ-ի փոխտնօրենն է ֆինանսական գծով եւ երկար տարիներ արդեն բժշկությամբ չի զբաղվում:

«Կեսարյան հատում կատարելու, չկատարելու հարց չի քննարկվել, քննարկվել է միայն տեղափոխել Մերի Մարգարյանին բազմապրոֆիլային հիվանդանոց` հետազոտման, թե ոչ: Միայն այս հարցն է քննարկվել: Աշոտ Սիրունյանը միայն հարցրել է` եթե արյան զեղումը հաստատվեց բազմապրոֆիլային հիվանդանոցում, մենք կարող ենք նրան մեզ մոտ վիրահատել, թե ոչ: Այլ հարց նորից եմ ասում` չի քննարկվել»,- ասաց Աշոտ Ամրոյանը:

Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: